01/07/2015 12:30
Փոստանջյան.Վլադիմիր Գասպարյանը մոռացել է, որ ինքը պետական ծառայող է
ՀՀ ոստիկանությունը ոչ թե բարեփոխվել է և այդ պատճառով է, որ հանդուրժում է Բաղրամյան պողոտայում ցույցի մասնակիցներին, այլ ուղղակի ուժ կիրառելու հրաման չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ նստացույցի առաջին օրվա առավոտյան ոստիկանության գործողությունները ապօրենի էին, սակայն մինչև հիմա չկա մեկը ոստիկանությունից, որ կմեղադրվեր այդ գործողությունների համար։
«Հրաման տվողներն ու կատարողները պետք է կանչվեն պատասխանատվության։ Հենց հրամանը լինի, բոլոր ոստիկանները մեկ րոպեում կվերափոխվեն»,- ասաց նա։
Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հայտարարությանը, որ դադարեցնում են նստացույցը մինչև ՀԷՑ-ում կանցկացվի աուդիտ, իսկ որոշ մարդիկ այդպես էլ չհեռացան Բաղրամյան պողոտայից, Զ. Փոստանջյանն ասաց, որ ինքը իրավիճակը գնահատում է որպես ճիշտ գործընթաց:
«Ես չեմ գնահատում իրավիճակը որպես բաժանում, ավելին՝ սա դրական է։ Երիտասարդները կարող են սխալվել, բայց կարևորն այն է, որ մնալու մասին կայացված որոշումը հաղթանակ էր»,- ասաց նա, նշելով, որ բանավեճը տվեց իր լուծումը։
Ըստ պատգամավորի, որպեսզի ոստիկանությունը չկարողանա ուժ կիրառել քաղաքացիների հանդեպ, պետք է համատարած, բոլոր քաղաքներում դիմադրություն լինի։
Նրա խոսքով՝ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մոռացել է, որ ինքը պետական ծառայող է և իր հայտարարությունները պետք է լինեն զուսպ:
Հարցին՝ արդյոք ինքը նմանություն տեսնո՞ւմ է միջազգային լրատվամիջոցների կողմից Բաղրամյան պողոտայի դեպքերը ուկրաինական «Մայդանի» հետ համեմատության հետ կապված, նա պատասխանեց, որ Մայդանի հետ համեմատությունը տեղին չէր, որովհետև երբ երկրում մեկ միլիոն մարդ աղքատության մեջ է, նշանակում է խնդիրը իշխանության, կոռուցպցիայի և ապաշնորհ ղեկավարման մեջ է։