01/07/2015 19:35
Կ. Աճեմյան. Քաղաքացիական հասարակությունը պետք է խոհեմ գտնվի
«Երբ չկա հստակ ծրագիր և քայլերի հաջորդականություն, ապա գործողությունների ընթացքը խառը զարգացումների է բերում: Եվ տեսնում ենք, որ հենց այդ վիճակին է հանգում ցուցարարների պայքարը՝ նրանք, կարծես, ինչ-որ փակուղու առջև են հայտնվել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը: Վերջինիս կարծիքով՝ այլևս անընդունելի է կաթվածահար անել Երևանի կենտրոնը, ինչը շատ ու շատ անհարմարություններ է ստեղծել ոչ միայն Բաղրամյանի բնակիչների համար, այլև բոլոր երևանցիների համար:
«Ցուցարարները ինչ-որ փակուղում են հայտնվել, քանի որ հանրապետության նախագահի կողմից հստակ ասվեց, թե ինչ ուղղությամբ պետք է գնալ, հստակորեն հայտարարվեց, որ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի ընթացքում էլէներգիայի սակագնի թանկացում չի լինի: Ու պետք չէ մտածել, թե դա հենց այնպես քայլ էր: Սերժ Սարգսյանի կողմից հայտարարվածը քայլ է, որը միտված է կայունացնել իրավիճակը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բոլորն էլ դեմ են սակագնի թանկացմանը, բայց ելքեր փնտրելու առումով բոլորն էլ պետք է ընդառաջեն: Եվ եթե, շարունակեց ՀՀԿ-ական պատգամավորը, երիտասարդները սա հասկանում են, եթե մարդկանց մի հատված կա, որը պառակտվել է ու չի ուզում քայլ անել ընդառաջ, ապա դա միայն այն է նշանակում, որ իրենք իրենց անելիքը չգիտեն:
«Ես հասկանում եմ, որ ցուցարարների մեջ էլ կան մարդիկ, որոնք տարբեր խնդիրների հետ կապված ունեն բողոքներ, ինչը կապ էլ չունի սակագնի թանկացման հետ: Բայց անթույլատրելի է այս ամենը, այս բոլոր զարգացումներն այդ ուղղությամբ տանելը, առավել ևս հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը հետևում է մեր քայլերին: Ես իսկապես կուզեի, որ այնպես ավարտվեր, ինչպես և սկսվել էր այս ամենը՝ ճիշտ տրամաբանությամբ»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Այսինքն, պարզաբանեց Կարինե Աճեմյանը, եթե քայլ է արվել իշխանությունների կողմից և հստակ է դրա տրամաբանությունը, քանի որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նախօրեին հայտարարեց, որ սակագնի սուբսիդավորումը պետական բյուջեից չի կատարվելու, ապա դրա ֆոնին անհասկանալի է ցուցարարների հետագա անելիքը Բաղրամյան պողոտայում: Եվ տպավորություն է, որ ուղղակի ստեղծվել է խառնաշփոթ մի իրավիճակ, երբ միմյանց չեն հասկանում, նախաձեռնողները այլևս չեն լսում ոչ միայն իշխանություններին, այլև մեկը մյուսին: Եվ հենց դրանով է պայմանավորվում ներկա զարգացումների ներկապնակը:
«Բայց ես կարծում եմ, որ առաջիկա մեկ-երկու օրերին պետք է այս հարցերը լուծվեն. քաղաքացիական հասարակությունը պետք է խոհեմ գտնվի և հասկանա, որ իրավիճակը ապակայունացնելով ոչ մի բանի չենք հասնի»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ երիտասարդները կգնան տրամաբանական լուծումների ճանապարհով, քանի որ եթե ՀՀ նախագահը, վարչապետը նման հայտարարություններով են հանդես եկել ու հայտնել իրենց պատրաստակամության մասին գնալ այդ որոշումների կատարմանը, ապա երիտասարդներն էլ պետք է պատասխանատու գտնվեն իրենց քայլերում, չէ որ այդ նպատակով էին դուրս եկել բողոքի: