01/07/2015 11:24
Հանրապետականում հրազենային վնասվածք ստացած կնոջ վիճակը կայուն է, նա գիտակցության է եկել
Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը հրազենային վիրավորում ստացած կնոջ վիճակը կայուն է, նա գիտակցության է եկել, լրացուցիչ վիրահատության կարիք չկա: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից:
Ըստ աղբյուրի՝ երեխայի վիճակը նույնպես կայուն է:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին՝ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ Երևան քաղաքի վերարտադրողական առողջության, պերիտանալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հիվանդասենյակում կրակել է կնոջ վրա և ինքնասպան եղել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի ղեկավարությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1982 թվականին ծնված Հայկ Վարդանյանի դիակը՝ հրազենային վնասվածքով։
Պարզվել է, որ ժամը 10:00-ի սահմաններում Հ.Վարդանյանն այցելել է նշված ինստիտուտում ծննդաբերած և հիվանդասենյակում գտնվող իր կնոջը, որի ժամանակ ատրճանակից կրակոցներ է արձակել նրա վրա, ապա ինքնասպան եղել։ Կինն անմիջապես տեղափոխվել է նշված ինստիտուտի վիրահատարան և ցուցաբերվել անհրաժեշտ բժշկական միջամտություն՝ կյանքը փրկելու համար։ Նրա առողջական վիճակը ներկայումս գնահատվում է ծանր։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը՝ բաժնի պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել է 3 քննիչ։