01/07/2015 11:33
Մաքսիմ Սարգսյան. Մենք Բաղրամյանում ենք, մենք պայքարում ենք ու մենք հաղթելու ենք
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը այսօր գիշերն անցկացրել է Բաղրամյան պողոտայում: Ասում ՝ շարունակելու է ամեն օր գիշերը լինել այստեղ, ցուցարարների հետ, ինչպես եղել է մինչ այսօր.
«Պայքարը շարունակվում է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա՝ խուսափելով սակայն պատասխանել այն հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո շատ է հնչում այն մասին, որ պայքարը փոխել է թե իր բնույթը, թե բովանդակությունը, թե նաև դեմքը.
«Թուկլ տվեք կարծիք չարտահայտեմ այդ մասով… բոլորն էլ տեսնում են ամեն ինչ: Ես իրավունք չունեմ որևէ կարծիք արտահայտելու՝ իմ համար նույն Բաղրամյան պողոտան է, նույն պայքարն է: Մնացածն էլ ժամանակը ցույց կտա»,- նշեց նա:
Նախօրեին երեկոյան Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների շրջանում այնպիսի տպավորություն եղավ, թե ոստիկանությունը կարծես պատրաստվում է ինչ-որ գործողությունների դիմել. այդ մասին շատերը գրառեցին նաև սոցիալական ցանցերում: Բայց Մաքսիմ Սարգսյանի կարծիքով՝ նման մտավախություն պետք չէ ունենալ, քանի որ ցույցը խաղաղ է ու ոստիկանությունը առիթ ու նաև իրավունք էլ չունի ցրելու խաղաղ հավաքը: Բայց այսպես էլ մինչև երբ կշարունակվի վերջին տասնօրյակի հերոսներից մեկը ևս պատասխան չունի.
«Չեմ կարող հստակ ասել, թե այսպես մինչև ուր: Գիտեմ մի բան՝ մեր պահանջը չի փոխվել ու այսպես թերևս կշարունակվի մինչև խնդրի լուծումը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման չեղարկումը: Ես գիտեմ մի բան՝ դժվար թե կիսատ թողնենք այն, ինչ սկսել ենք»,- ասաց նա, սակայն հարցի պատասխանը, թե հետագա անելիքների ի՞նչ պլան է մշակվել, ի՞նչ պետք է անեն առաջիկայում ցուցարարները Մ.Սարգսյանը հորդորեց ուղղել համակարգող նոր խմբի անդամներին: Վերջիններս, հիշեցնենք, այսօր առավոտյան էլ քննարկում են անցկացրել, որին մեր զրուցակիցը չի մասնակցել.
«Ծրագրերի, հետագա անելիքների մասով ավելի ճիշտ կլինի իրենց հետ ճշտել»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ւր է Վաղինակ Շուշանյանը, Մ.Սարգսյանն արձագանքեց՝ երևի տանն է: Երեկոյան Վաղինակը իր հետ միասին եղել է Բաղրամյան պողոտայում, բայց գիշերը անցկացրել է այնտեղ, թե ոչ Մաքսիմը չգիտի, քանի որ քնել է: Բայց.
«Մենք այստեղ ենք, մենք պայքարում ենք ու մենք հաղթելու ենք»,- վստահորեն հավելեց նա: