01/07/2015 20:39
Երիտասարդությունն ապացուցեց, որ ցանկացած նպատակի կարելի է հասնել քաղաքակիրթ միջոցներով
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ալիքը, որ սկսվեց Ազատության հրապարակում, իսկ այնուհետ՝ շարունակվեց ու դեռ շարունակվում է Բաղրամյան պողոտայում, ոչ միայն միավորեց հասարակության գրեթե բոլոր շերտերին, այլև շատերին կանգնեցրեց բավական տարօրինակ երկընտրանքի առաջ. արդյոք բողոքի այս ալիքը քաղաքակա՞ն է: Համենայնդեպս, իրենք՝ շարժման նախաձեռնողները, թե՛ ցուցարարներին, թե՛ ամենատարբեր մոտիվացիաներով աշխատող լրատվամիջոցներին պնդում էին, որ բողոքի ակցիան բացառապես սոցիալական է և քաղաքական որևէ ենթատեքստ չունի: Ասել կուզի՝ այն պահին, երբ իշխանությունը կբավարարեն ցուցարարների բոլոր պահանջները, բողոքի ակցիան նույն պահին կդադարեցվի:
Իրականում, այս պնդումը բավական միամիտ է հնչում, քանի որ պետության ներսում չկա որևէ երևույթ, որը քաղաքական չէ: Բավական է շեշտել, որ ամենատարբեր մակարդակներում շրջանառվող խոսակցություններում պարբերաբար օգտագործվում են, ասենք, «մշակութային քաղաքականություն», «սոցիալական քաղաքականություն», «երիտասարդական քաղաքականություն» եզրույթները, ինչն արդեն իսկ հստակ ցույց է տալիս, որ պետության ներսում չկա «ապաքաղաքական» որևէ ոլորտ: Եվ, հետևաբար, շարժումը չքաղաքականացնելու կոչերը երիտասարդական ռոմանտիզմի հատևանք էին և պայմանավորված էին շարժումը վարկաբեկելու վախով:
Այսուհանդերձ, դժվար է չհասկանալ, թե ի՞նչ էր թաքնված «չքաղաքականացնել» կոչ-պահանջի տակ: Գաղտնիք չէ, որ չնայած հանգամանքին, որ նույն ՀԷՑ-ը կամ «Գազպրոմ-Արմենիա» ընկերություններն այլևս բացառապես ռուսական կապիտալով ընկերություններ են, գազի թանկացումն ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման աղմկահարույց որոշումը չհանգեցրին Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճին, ինչն էլ, իր հերթին, թույլ տվեց բողոքի ակցիաների կազմակերպիչներին ու շարժմանը միացածներին հեռու պահել Բաղրամյան պողոտան «մայդանի» վերածելու ցանկություն ունեցող արկածախնդիրներին:
Նույնչափ սկզբունքային էր դիրքորոշումը նաև այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում էր իշխանափոխություն իրականացնելու կոչերին:
Շարժման նախաձեռնողները հորդորում էին զերծ մնալ այս հռետորաբանությունից այն պարզ պատճառով, որ բողոքի ակցիայի միակ նպատակը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կանխումն է: Դե, իսկ եթե կան մարդիկ, ովքեր այլ նպատակներ են հետապնդում, ապա թող բարի լինեն կազմակերպել բողոքի առանձին ակցիա և այնտեղ խելքներին փչածը պահանջել: Մեծ հաշվով, հենց սա էր ներկայացվում որպես շարժումը «չքաղաքականացնելու» պահանջ, որը, բնականաբար, զուտ քաղաքագիտական իմաստով սխալ ձևակերպում էր, սակայն ընկալելի է «էս մե՛ր ճիշտն ա» երիտասարդական ընկալման տեսանկյունից:
Եվ որպես վերջաբան: Անկախ ամենից, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված շարժումն ի հայտ բերեց սնանկությունն այն պնդումների, թե քաղաքականությունն անբարոյականություն է: Ավելի ճիշտ, այն ապացուցեց, որ քաղաքական գործող համակարգը հեռու է բարոյական լինելուց: Փոխարենը, սակայն, շարժումը ցույց տվեց, որ անհեթեթ են պնդումները, թե հնարավոր չէ մտնել քաղաքական դաշտ և մաքուր մնալ: Համանայնդեպս, վերջին երկու շաբաթվա ընթացքում, չնայած տարատեսակ թյուրընկալումներին, ներքին հակասություններին և անհամաձայնություններին, երիտասարդությունն ապացուցեց, որ ցանկացած նպատակի կարելի է հասնել քաղաքակիրթ միջոցներով, և բորենիացած գյադաների ժամանակը մնում է հետևում: Պետք է միայն հիշել, որ երկիրը երկիր է, ու որ երկիրը ոչ թե մեկ, այլ բազմահազար տերեր ունի: Գեղեցիկ, հպարտ, խիզախ և ուրախ տերեր: