01/07/2015 15:51
«Այս բողոքից հետո այլևս նիրհ չի լինելու և պահանջներն այսուհետ ավելի սուր կերպով են դրվելու»
«Ժողովրդի 95 տոկոսը չի վստահում այս իշխանություններին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման միտք հայտնեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։
Նրա խոսքով՝ նախագահին չեն սիրում ու չեն ընդունում:
«Մի երկրում, որը ատոմակայն ունի և հարևան պետություններին է վաճառում էլեկտրաէներգիա, պարզ է, որ գողանում են»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ զարմանք հայտնելով, որ գազի գնի թանկացման դեպքում նման ցույցեր չեղան:
Բանախոսի կարծիքով՝ պետությունը կարող է այս ոլորտում փոփոխություններ անել. «Ոչ միայն Բաղրամյանում պետք է շարունակվի ցույցը, այլև տարածվի այլ փողոցներ ևս»:
Սուրեն Շահվերդյանը կարծում է, որ ոստիկանների մոտ սիմպատիա կա ցուցարարների նկատմամբ. «Նույնիսկ այն մարդիկ, ովքեր գովերգում են իշխանություններին, նրանք նույնպես դեմ են թանկացմանը»:
Հանդիպման մյուս բանախոս երգահան Լիլիթ Պիպոյանն էլ իր հերթին ասաց, որ հայ երիտասարդները հոռետեսությամբ են լցված և 95 տոկոսն ուզում է արտագաղթել:
Լ. Պիպոյանի կարծիքով՝ Բաղրամյան պողոտան երկար փակ չի մնա, քանի որ ակցիայի դադարի բոլոր միտումները կան:
«Այս բողոքից հետո այլևս նիրհ չի լինելու և կարճ ժամանակ հետո ավելի սուր կերպով պահանջը կդրվի աուդիտի արդյունքների ու բազմաթիվ այլ խնդիրների համար»,- ասաց նա: