01/07/2015 13:45
Աուդիտը պետք է տա բոլոր հարցերի պատասխանը
Հոսանքի թանկացման հետ կապված՝ հասարակության մեջ ձևավորված անվստահության պայմաններում աուդիտի անցկացումն անշուշտ լավագույն լուծումն է, որը կարող էր լինել։ Թեև մեծացնում է ծանրաբեռնվածությունը պետական բյուջեի վրա, այնուհանդերձ այդ քայլը հնարավորություն կտա ստանալ կուտակված և հասարակությանն անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանները։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի այն իրականացնի աշխարհում հայտնի հեղինակավոր ընկերություններից մեկը, որի եզրակացությունը վստահելի կլինի բոլորի համար։
Մինչ այդ, չնայած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը հոսանքի սակագինը վերանայելու վերաբերյալ նախատեսված ժամկետում կմտնի ուժի մեջ, այնուհանդերձ սպառողներն օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց կշարունակեն վճարել նախկին սակագնով։ Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ նախատեսվող աուդիտը չի տվել երկու կարևոր հարցի պատասխան՝ ինչքանո՞վ է հիմնավորված սակագնի բարձրացումը և դա չանելու դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին։
Որքան էլ սա սակագնի բարձրացման կասեցում չէ, այնուհանդերձ սպառողների համար, ըստ էության, շատ չի տարբերվում դրանից։ Օգոստոսի 1-ից նրանք շարունակում են վճարել այնքան, որքան այսօր են վճարում։
Անշուշտ դժվար չէր լինի հանձնաժողովի որոշման չեղարկումը։ Պարզապես դա պարունակում է նաև լուրջ ռիսկեր։ Եթե աուդիտորական ուսումնասիրությունից հետո պարզվի, որ սակագնի բարձրացումը հիմնավոր և իսկապես անհրաժեշտություն էր, ապա որոշման չեղարկումը հետագայում ամբողջ էներգետիկ համակարգը շատ ավելի ծանր ֆինանսական խնդիրների առջև կկանգնեցնի։ Թերևս դա է պատճառը, որ մինչև աուդիտի եզրակացությունը, դա ծայրահեղ վտանգավոր քայլ է համարում։
Նախկինի փորձը ցույց է տալիս, որ բաշխիչ ցանցերում առաջացող ֆինանսական խնդիրները հանգեցնում են արտադրող և մատակարարող ընկերությունների նկատմամբ ձևավորվող պարտավորությունների պատշաճ չկատարման։ Մի բան, ինչը համակարգը կկանգնեցնում է փոխադարձ պարտքերի առջև։ Ժամանակին այդ խնդիրը մշտապես եղել է։ Այն զգացնել տվեց նաև այս տարվա սկզբին, երբ բաշխիչ ցանցերը սկսեց ուշացնել պարտավորությունները արտադրող կայանների նկատմամբ։ Երևույթը երկար ձգվելու դեպքում կաթվածահար կլինի էներգետիկ ամբողջ համակարգը։
Աուդիտի անցկացման համար անշուշտ ժամանակ է պետք։ Առավել ևս, որ կա մտադրություն մինչև աուդիտորի ընտրության մրցույթի հայտարարումը՝ խորհրդակցել էներգետիկ ոլորտում հայտնի խորհրդատվական ընկերության հետ։ Միայն միջազգային խորհրդատուի և աուդիտորի ընտրությունը կարող է տևել ընդհուպ մինչև երկու-երեք ամիս։ Առնվազն այդքան, եթե ոչ ավելին կպահանջվի ընկերության ֆինանսական գործունեության ուսումնասիրության և եզրակացության ներկայացման համար։
Սա նշանակում է, որ անկախ ամեն ինչից, մինչև տարվա վերջ էլեկտրաէներգիայի դիմաց սպառողները կվճարեն այնքան, որքան հիմա են վճարում։ Դրանից հետո ամեն ինչ կախված կլինի աուդիտի եզրակացությունից։ Եթե վերջինս հիմնավորված համարի սակագնի բարձրացման անհրաժեշտությունը, ապա այդ պահից կառավարությունը կդադարեցնի փոխհատուցման տրամադրումը։ Հակառակ դեպքում, քայլեր կձեռնարկվեն բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձնաց պատասխանատվության կանչելու համար։