01/07/2015 16:05
Վ. Այվազյան. Թանկացման դեմ ակտիվիստների պայքարն արդարացի է
Էլեկտրաէներգիայի սակագանի թանկացման դեմ ակտիվիստների պայքարը արդարացի է: Եթե թալանել են, ապա թալանչին պետք է պատժվի, այդ գումարը վերականգնվի, իսկ ՀԷՑ-ն էլ ազգայնացվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ հիշատակելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը ՀԷՑ-ում աուդիտ անցկացնել, իսկ մինչ այդ պետությունը կսուբսիդավորի թանկացումը:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ սա լավագույն լուծումն է, որ առաջարկվել է, առավել ևս, որ արդեն հայտարարվել է այն մասին, որ այդ գումարը հատկացվելու է ոչ թե պետական բյուջեյից, այլ՝ արտաբյուջետային հաշիվներից: Ավելին՝ ողջունելի է նաև այն առաջարկը, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն էլ կարող են մասնակցել աուդիտին.
«Եթե աուդիտի արդյունքները չբավարարեն նրանց, ապա երիտասարդները դարձյալ կարող են դուրս գալ փողոց ու պայքարել: Որպեսզի իմանան` ո՞վ է մեղավոր կամ ով անմեղ, թող մասնակցեն աուդիտին ու իրենց տեսակետը հայտնեն, այլապես սուրճի բաժակ նայողի տպավորություն է ստեղծվում: Կրկնում եմ՝ այսօր ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն սցենարը առաջարկել է ՀՀ նախագահը»,- նշեց Վարդան Այվազյանը:
Նա նաև համաձայն չէ այն կարծիքի հետ, թե այդ առաջարկը շարժումը մարեցնելու նպատակ էր հետապնդում: Ըստ Վ. Այվազյանի՝ եթե աուդիտի արդյունքները նրանց չբավարարեն, նրանք ամեն պահին էլ կարող են նորից դուրս գալ փողոց ու պայքարել: