01/07/2015 09:38
Ցուցարարների պատճառով տարեց կնոջ մահվան լուրը սուտ է
«Բաղրամյան պողոտայի շուրջօրյա նստացույցի մասնակիցները մի քանի անգամ այսպիսի տեսարանի են ականատես եղել: Շտապօգնության մեքենան Ազգային ժողովի կողմից բարձր ազդանշաններով եկել-հասել է Սահմանադրական դատարանի դիմաց և բախվելով Բաղրամյան պողոտան փակ լինելու փաստի հետ շրջվել-ետ է գնացել: Եվ ահա՝ երեկ համացանցում հայտնվեցին այսպիսի վերնագրեր. «Ցուցարարները հրաժարվել են շտապօգնության մեքենայի համար բացել Բաղրամյան պողոտան. կինը մահացել է»: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:
Որ սա էժանագին քարոզչական հնարք է, դժվար չէ ապացուցել: Նախ ամբողջ աշխարհը գիտի, որ Բաղրամյան պողոտան փակ է, և հետաքրքիր է, որ այդ մասին չգիտեն Երևանի շտապօգնության երթակարգավարները: Այսինքն՝ հանգիստ կարելի է շրջանցել Բաղրամյան պողոտան։ Այդ ո՞ւր պետք է գնա շտապօգնությունը, որ նրան հարկավոր լինի Բաղրամյան պողոտան անցնել Սահմանադրական դատարանի դիմացով: Եթե Երևանի Կենտրոն վարչական շրջան ուղևորվելիս լինի, շտապօգնության Պռոշյան փողոցում գտնվող կենտրոնակայանից դեպի Կենտրոն համայնք տանող ամենակարճ ճանապարհը Պռոշյան-Պարոնյան-Սարյան-Մոսկովյանն է, որը միշտ էլ բաց է եղել: Այսինքն՝ չկա տարբերակ, որ Բաղրամյան պողոտայի փակ լինելը երկարացնի Պռոշյան փողոցից Կենտրոն համայնքի որևէ այլ փողոց տանող ճանապարհը:
Եթե շտապօգնության մեքենան հիվանդանոց տեղափոխելիս լինի որևէ հիվանդի, այս դեպքում էլ պետք է պարզվի, թե կոնկրետ ո՞ր հիվանդանոց: Եթե Էրեբունի՝ Պռոշյան-Պարոնյան երթուղին ավե|ի կարճ է: Նորքի սրտաբանական կարելի էր տեղափոխել՝ Կոմիտասը Նորքին միացնող նոր արագընթաց ճանապարհով՝ Սարալանջի պողոտայով: Կարճ ասած՝ չկա որևէ տարբերակ, որ Բաղրամյան պողոտայի փակ լինելը ճակատագրական նշանակություն ունենար որևէ հիվանդի համար: Ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականում նման բան լինել չէր կարող»,- գրում է թերթը։