02/07/2015 16:19
«Ինտեր ՌԱՈ»-ն սխալ ճանապարհով է գնում
«Ինտեր ՌԱՕ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը օրերս հայտարարել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության վնասները՝ ՀՀ-ում ներկայում գործող կարգավորման համակարգի հետևանքն են, և որ ՀԷՑ-ի կուտակած պարտքերը պայմանավորված են հենց այդ անարդյունավետ կարգավորման համակարգով:
Նշենք, որ տնտեսագիտության մեջ դեռևս չկա միանշանակ հիպոթեզ այս հարցի շուրջ, սակայն ՀԷՑ-ն այս պահին մենաշնորհային դիրք ունի, այսինքն՝ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները իրենց էներգիան իրացնելու այլընտրանք չունեն և ստիպված են այն վաճառել ՀԷՑ-ին, այս դեպքում սակագինը ՀԾԿՀ կողմից չհաստատելը նույնը կլիներ, ինչ փակ մենաշնորհ ունեցող ընկերության համար սակագին չհաստատելը, ինչը հայտնի է, թե ինչ հետևանքներ է ունենում:
Բացի այդ, եթե ՀԾԿՀ-ն թողներ, որ սակարկությունների միջոցով ՀԷՑ-ը էլեկրաէներգիա գներ, դրանով իսկ հնարավորություն կստեղծեր ՀԷՑ-ի համար, որպեսզի մանիպուլիացիայի ենթարկի էլէներգիա գեներացնող հատկապես փոքր ընկերություններին, որով վտանգի տակ կդրվեր երկրի էներգետիկ զարգացումը, այսինքն՝ ոլորտում առկա անորոշությամբ պայմանավորված՝ այդ ոլորտ ներդրումներ չէին հոսի: Սակայն, եթե «Ինտեր ՌԱՕ»-ն միակ լուծումը տեսնում է այդտեղ, ապա հանգիստ կարող է ՀԷՑ-ը բաժանել առնվազն երկու՝ իրարից անկախ ընկերությունների, որից հետո միայն սակարկություններով գին հաստատելը արդիական կդառնա:
Ինչ վերաբերում է Բ. Կովալչուկի այն հայտարարությանը, որ ՀԷՑ-ի՝ տարիներ շարունակ կուտակվող պարտքերը հենց սխալ կարգավորման համակարգով են պայմանավորված, ապա պետք է նրան հիշեցնել, որ այնպիսի սփրեդ (էլէներգիայի մանրածախ գին-էլէներգիայի ձեռքբերման գին), որը կա Հայաստանում, չկա ոչ մի երկրում, որտեղ «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը գործունեություն է ծավալում: Այսինքն՝ այդ մասով պնդումներն առնվազն սխալ են:
Բ. Կովալչուկը իր խոսքում նաև նշել է, որ ՀՀ ներկայիս կարգավորման համակարգը այնպես է ստեղծված, որ ՀԷՑ-ը ֆինանսավորում է էլէներգիա գեներացնող ընկերություններին, ինչը նաև ստիպում է ՀԷՑ-ին թանկ էլէներգիա գնել: Այս պնդումը ամբողջովին սխալ է մեկ պարզ պատճառով՝ ՀԾԿՀ-ը չի կարող առարկություն ներկայացնել ՀԷՑ-ին՝ իր իսկ կողմից հաստատված սակագներով էլէներգիայի ձեռքբերման մասով, այսինքն՝ ՀԷՑ-ի՝ էլէներգիայի ձեռքբերման գծով կատարվելիք ծախսերը քննարկման ենթակա չեն և դրանք ՀԾԿՀ-ի կողմից հաստատվում են հարյուր տոկոսով: Քննարկման են ենթակա ՀԷՑ-ի՝ էլէներգիայի տեղափոխման և բաշխման գծով կատարվելիք ծախսերը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ՀԾԿՀ-ը ստիպում է ՀԷՑ-ին թանկ գնով էլ.էներգիա գնել, ապա դա վերաբերում է էլէներգիայի գեներացման այլընտրանքային աղբյուրներից գնված էլէներգիային (այլընտրանքային ճյուղերը զարգացնելու նպատակով), որը ընդհանուր էներգոհամակարգի կառուցվածքի մեջ 1 %-ից ցածր մասնաբաժին ունի, ինչը շատ չնչին ազդեցություն կարող է ունենալ սակագնի վրա, սակայն այն ևս մտնում է սակագնի մեջ՝ այսինքն՝ փոխհատուցվում է բնակչության կողմից:
Կարծում ենք, կարիք չկա նույնիսկ անրադառնալ Բ. Կովալչուկի այն հայտարարությանը, թե իբր 11 տարվա ընթացքում էլէներգիայի սակագնի բարձրացումը բավարար չի եղել, միայն նշեմ, որ «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից ՀԷՑ-ի սեփականաշնորհման տարվանից սկսած (2006թ.) ՀՀ-ում էլէներգիայի սակագինը միջինում բարձրաձել է 2.15 անգամ կամ 115 %-ով՝ 25 դր և 15 դր-ի փոխարեն այն այսօր կազմում է 48 դր և 38 դր, իսկ այդ ընթացքում ՀՀ-ում կոմուլյատիվ գնաճը կազմել է ընդամենը 47 %:
Ընդհանուր առմամբ Բ. Կովալչուկի հայտարարությունը հիմնված է էլէներգիա գեներացնող ընկերությունների համար սահմանված սակագնի վրա, սակայն հայտարարությունում կային նաև հակասական մտքեր. եթե առաջին մասով փորձ էր արվում ամբողջ պատասխանատվությունը բարդել էլէներգիա գեներացնող ընկերությունների վրա, որի հետևանքով ստացվել է էլէներգիայի մանրածախ վաճառքի բարձր սակագին, ինչն էլ պատճառ է հանդիսացել իրացման ֆիզիկական ծավալների կրճատման համար, դրանով իսկ ՀԷՑ-ին գցելով պարտքերի մեջ, ապա հայտարարության երկրորդ մասում խոսվում էր ցածր սակագնի մասին, որը ամբողջովին հակասում է առաջին մտքին և, կարծես, մերժում է կարծիքը, որ ՀԷՑ-ի խնդիրների պատճառը սխալ կարգավորման համակագն է:
Ամփոփելով նշենք, որ բացառված չէ, որ խնդիրներ կան նաև էլեկտրաէներգիա գեներացնող ընկերություններում, սակայն ասել, որ էներգահամակարգի խնդիրները պայմանավորված են միմիայն դրանով և չնշել ՀԷՑ-ի անարդյունավետ մենեջմենթը, առնվազն անգրագիտություն կլինի: