02/07/2015 18:39
ՊԲ հրամանատարն Արցախում հանդիպել է նորակոչիկներին
Այսօր Արցախի բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ մամուլի ծառայությունից:
Նորակոչիկներին այդ կարևոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հայ առաքելական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բանակի հրամանատարը նախ` շնորհավորել է զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, այնուհետև համոզմունք հայտնել, որ սահմանադրական պարտքը կատարած զինվորներին փոխարինելու եկած երիտասարդները պատվով կշարունակեն իրենց նախորդների հայրենանվեր առաքելությունը:
Հանդիսավոր միտինգի ավարտին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ և պատասխանել վերջիններիս հուզող հարցերին: