02/07/2015 12:35
ՄԻՊ-ը կոչ է անում ոստիկանությանը ուշադիր լինել Բաղրամյան պողոտայում սադրիչների նկատմամբ
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մեր վերջնական զեկույցի պատրաստման համար սպասում ենք ոստիկանության կողմից տրամադրվելիք տվյալներին: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Պետք է ասեմ, որ մեզ համար ամենամտահոգիչը հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններն են ու դրանց վերաբերյալ կլինի ՄԻՊ դիրքորոշում»,- ասաց Կարեն Անդրեասյանը` ընդգծելով, որ ոստիկանության ներքին քննությանը զուգահեռ քննություն է ընթանում նաև ՄԻՊ-ում:
«Երեկ ամբողջ գիշեր ՄԻՊ տեղակալն ու ներկայացուցիչները եղել են Բաղրամյանում, պարբերաբար դիտարկումներ են կատարել այնտեղ: Նշենք, որ մենք, հիմնականում, բողոքողներ ենք ստանում 2 տարբեր խմբերից: Բողոքների մի մասը մենք ստանում ենք սադրիչներից, ովքեր կարող են ստվերել ցուցարարների ու ոստիկանության անցած ճանապարհը: Այնպես որ, հորդորում ենք ոստիկանությանը հնարավորինս ուշադիր լինել այդ խմբի նկատմամբ»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Նա նշեց՝ ուրախ է, որ ոստիկանությունը վերջին օրերին կառուցողական մոտեցում է ցուցաբերում:
«Ոստիկանությանը տրվել է 5 աշխատանքային օր՝ իրավիճակը ՄԻՊ-ին ներկայացնելու համար: Եթե ժամկետի ավարտից հետո չլինի սպառիչ պատասխան, ՄԻՊ-ը կներկայացնի իր զեկույցն առանց դրա»,- ամփոփեց Կարեն Անդրեասյանը: