02/07/2015 19:05
Ամառային լողաշրջանը բացված է. Սևանում հետևեք փրկարարների խորհուրդներին
Նախօրեին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց ամառային լողաշրջանի բացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նա ուժեղացված հերթապահության ընթացքում հաջող ծառայություն մաղթեց ջրափրկարարական ջոկատի անդամներին՝ նշելով.
«Փրկարարների արագ և արդյունավետ գործողությունների շնորհիվ հնարավոր է խուսափել դժբախտ պատահարներից: Ձեզանից յուրաքանչյուրի կյանքը մեզ համար թանկ է»:
Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ Է. Գալստյանը ներկայացրեց ջրափրկարարական և ջրասուզական հանդերձանքը, փրկարարական համապատասխան սարքավորումները: Նա նշեց, որ առավոտյան ժամը 09:00-ից մինչեւ 21:00 հերթապահություն է սահմանված հանրային լողափերում և հավելեց.
«Լողափերը մշտապես մեր վերահսկողության տակ են: Ունենք անհրաժեշտ հանդերձանք և տեխնիկա՝ փրկարարական աշխատանքներն իրականացնելու համար: Պարզապես խորհուրդ կտամ ամառային հանգիստը Սեւանում կազմակերպող քաղաքացիներին ուշադրության կենտրոնում պահել երեխաներին, լողալ նշված հատվածներում, հետևել հերթապահություն իրականացնող փրկարարաների խորհուրդներին:
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կարևորեց մարզում փրկարար վարչության ստեղծումը, անդրադարձավ «911» ծառայության գործունեությանը.
«Ամեն տարի մեզ մոտ իրենց հանգիստն են անցկացնում մոտավորապես 55 000 քաղաքացի: Փրկարար ծառայությունը այդ ընթացքում աշխատում է ուժերի մեծ լարումով:
Արդյունավետ իրազեկման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել բազմաթիվ պատահարներից: Մարզային փրկարար վարչությունը մեծ անհրաժեշտություն էր բոլորիս համար: «911» ծառայության տեղայնացման շնորհիվ բոլոր ահազանգերը գրանցվում են մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը հնարավորություն է տալիս փրկարարաներին առավել արագ արձագանքել:
Տարածքը սպասարկող 35 անդամից բաղկացած Հատուկ ջրափրկարարական ջոկատն ամռան ամիսներին առավել զգոն է աշխատում»:
ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Ճզմաչյանը ներկայացնում է խմբերի աշխատանքը և դիմում քաղաքացիներին.
«Հետևեք ցուցումներին: Մի անցեք լողանշանները, ոչ սթափ վիճակում ջրային տրանսպորտից չցատկել»:
Հերթապահությունը սահմանված է երեք հանրային լողափերում, բայց անհրաժեշտության դեպքում հերթապահություն իրականացնող խումբը պատրաստ է արձագանքել մասնավոր լողափերի ահազանգերին: Փրկարարական ծառայությունը հանրային լողափերում իրականացվում է դիտարկման եղանակով` բարձր աշտարակների վրայից, մոտորանավակներով կատարվում են պրոֆիլակտիկ շրջայցեր, բարձրախոսերով ցուցումներ և հրահանգներ են տրվում: