02/07/2015 19:42
Եթե ոստիկանությունը ցանկանա, այս պահին էլ կարող է վերականգնել հասարակական կարգը. Օսիպյան
Այսօր Բաղրամյան պողոտայում նախատեսված է բողոքի հանրահավաք անցկացնել, իսկ մինչ այդ՝ ցուցարարները բողոքի երթ են կազմակերպել, որով քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց:
Եվ մինչ ցուցարարներն իրենց երթն էին իրականացնում Երևանի փողոցներով, լրագրողներն այդ ընթացքում զրուցեցին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:
«Երբ որ խաղաղ ցույցերն անօրինական են ու չեն կատարվում ոստիկանության պահանջները, ապա ցանկացած երկրում էլ ոստիկանությունը անցնում է տարբեր պատժիչ գործողությունների»,- ասաց նա: Անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը, որտեղ նշվում է, որ ցանկացած ցույց, որն ունի սկիզբ, ունի նաև ավարտ, և պատասխանելով հարցին, թե երբ կգա այդ ավարտը, Վ. Օսիպյանը ասաց կարճ. «Երբ որ գա»:
Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանությունը, հեռացնելով ջրցան մեքենաները,այդ քայլով փորձում է հասկացնել, որ չի կիրառելու բռնություն, փոխոստիկանապետը ասաց. «Եթե մենք որոշենք այս պահին էլ վերականգնել հասարակական կարգն, ապա այս պահին էլ կարող ենք, անգամ առանց ջրցան մեքենաների»: Թե ինչու այդ դեպքում ոստիկանությունը չի միջամտում՝ հասարակական կարգը վերականգնելու համար, Օսիպյանը լրագրողներին հորդորեց, որպեսզի այդ հարցում լրագրողները միջամտեն: «Իմ կարծիքով, եթե քաղաքացիները ցանկություն ունենան, իրենք էլ իրենց ձեռքերով աղբամանները փողոցի կենտրոնից կհեռացնեն»:
Ինչ վերաբերում է լրագրողների և ակտիվիստների դեմ կիրառած բռնություններին, Վ. Օսիպյանը ասաց, որ այս պահին քննություն է ընթանում և դեպքի հանգամանքներն են պարզավում: «Եթե պարզվի, որ իսկապես ոստիկանը ձեռք է բարձրացրել քաղաքացու վրա, ապա նա ենթակա է պատասխանատվության»,- ասաց նա:
Վ. Օսիպյանի խոսքով՝ ինչ էլ որ ցուցարարները նախաձեռնելու լինեն, դա պետք է լինի բացառապես օրենքի շրջանակներում: Նա ընդգծեց, որ ցուցարարներն իրենք պետք է ընտրեն, թե որտեղ տեղափոխեն հավաքի վայրը, բայց այն, որ Բաղրամյան պողոտան պետք է բացվի, դա միանշանակ է: