02/07/2015 10:44
Գիգոյանը` կաթի փոշու ներկրման սահմանափակումների մասին. Արդեն ուշ է
«Գյուղատնտեսության նախարարությունը կաթի փոշու ներկրումները այս կամ այն կերպ սահմանափակում է, բայց ասե՝մ արդեն ուշ է և անիմաստ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը՝ հավելելով, որ արդեն մեծաքանակ էժան կաթի փոշի է ներկրվել, ում պետք է գնել, պահեստավորել է. մարդիկ կան, ովքեր կաթի վերամշակման հետ որևէ առնչություն չունեն, ուղղակի բիզնես են անում. Երբ կաթը թանկանա` կաթի փոշին կվերավաճառեն:
Ինչ վերաբերում է կաթի փոշուց պանիր պատրաստելու խնդրին, Ա. Գիգոյանը նշեց, որ այժմ նոր տեխնոլոգիաներ կան և նոր եվրոպական արտադրության կաթի փոշիներ, որոնք, ի դեպ, բավականին թանկ են սովորական կաթի փոշուց, և որից հնարավոր է պանիր ստանալ` վերականգնելով կաթի կառուցվածքային առանձնահատկությունները:
«Այս պահին, որքան տեղյակ եմ, այդ կաթի փոշուց չի ներկրվել Հայաստան, և պանիր չի արտադրվում փոշուց»,- ասաց նա, նշելով, որ սովորական կաթի փոշին հնարավոր է ավելացնեն կաթի մեջ, ավելի շատ պանիր ստանալու համար, սակայն «լուրջ պանրագործը իրեն նման բան թույլ չի տա, իսկ իրեն չհարգողը կարող է անգամ ցեմենտ ավելացնել կաթին», իսկ ինչ-որ ստանում են, ավելի շատ պանրանման զանգված է, քան պանիր: