02/07/2015 10:53
Ցուցարարները չե՞ն ազատի Բաղրամյանը. Ոստիկանության պահանջը նույնն է
Բաղրամյան պողոտայում լույսն այսօր էլ խաղաղ էր` նստացույցի 10-րդ գիշերն անցավ առանց միջադեպերի: Այս պահի դրությամբ Բաղրամյան պողոտան` բարիկադների հատվածում, մարդաշատ չէ, մի քանի տասնյակ մարդ ծառերի հովի տակ են պատսպարվել:
Անցած գիշերվա աչքի ընկնող իրադարձություններից կարելի է նշել այն, որ ոստիկանությունը հերթական անգամ հորդորեց ցուցարարներին իրենց բողոքի ակցիաները տեղափոխել մեկ այլ վայր և այնտեղ շարունակել պայքարը, քանի որ Երևանի գլխավոր պողոտաներից մեկի արգելափակումը իր բնույթով և առաջացրած հետևանքներով անհամաչափ սահմանափակում է այլ անձանց սահմանադրական իրավունքները և հանրության շահերը: Ոստիկանությունը առաջարկեց ցուցարարներին բանակցել այս հարցի շուրջ: Այլապես ստիպված կլինեն ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները։
Սակայն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողները հայտարարեցին, որ չեն պատրաստվում ոստիկանության հետ բանակցել ակցիան այլ վայր տեղափոխելու հարցի շուրջ։