02/07/2015 12:10
Այ դրանց գլուխները պտի ջարդվի. Որ բռնեմ` ջարդելու եմ. Գեներալ Մանվելը՝ թալանչիների մասին
«Դե ժողովուրդ են, ամեն մարդ իր գործն անում ա, թող անեն էլ: Կարգին էլ գործ են անում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանգել Գրիգորյանը` անդրադառնալով Բաղրամյան պողոտայում արդեն տասը օր շարունակվող բողոքի ակցիային:
Aysor.am-ի հարցին, թե ոստիկանությունը, կարծես, չի պատրաստվում ուժ կիրառել, իսկ ցուցարարներն էլ լքել Բաղրամյան պողոտան, այսինքն իր կարծիքով մինչև երբ կարող է այս իրավիճակը ձգվել, պողոտան փակ մնալ գեներալ Գրիգորյանն արձագանքեց.
«Դե ավելի լավ, թող մնա…. Ժողովուրդ են, եկել են, հանգստանում են»: Իսկ ճշտող հարցին` ձեզ չի խանգարո՞ւմ փակ փողոցը, ասաց` ոչ.
«Ոչ մի բան էլ ինձ մեր երկրում չի խանգարում»:
Հարցին` այդ դեպքում որքա՞ն կարող են դեռ մնալ ցուցարարները, ինչ կանխատեսումներ ունի այս մասով, Մ. Գրիգորյանն ասաց` ինչքան ուզեն.
«Սա մեր երկիրն ա, մեր տունն ա: Եթե դուք կարծում եք, թե էս երկրում կա մի մարդ, որ ուզում ա, որ ինչ-որ գին բարձրանա, ուրեմն սխալվում եք: Չկա տենց մարդ»:
Ինչ վերաբերում է հարցին` այդ դեպքում մեղավորները կպատժվե՞ն, գեներալ-պատգամավորը նախ հետաքրքրվեց, թե մեղավորներ ասելով ում նկատի ունենք, իսկ պարզաբանումից հետո, թե մեղավորները բոլոր նրանք են, որ թալան են թույլ տվել, արձագանքեց.
«Այ դրանց գլուխները պտի ջարդվի. Որ բռնեմ` ջարդելու եմ»,- ու մտավ ԱԺ նիստերի դահլիճ: