02/07/2015 14:49
Փոստանջյան. Այս վարկով Ռուսաստանը ստորացնում է Հայաստանին
Պարզ է, որ ՌԴ-ն այսպիսի զինատեսակով զինել է Ադրբեջանին, հիմա ուզում է մեզ վարկ տրամադրել, որպեսզի մենք մեր ռազմավարական դաշնակցից գնենք նույն զինատեսակից:
ԱԺ-ում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննակման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հիմնական զեկուցող ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվեց նաև, թե ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումն այս ուղղությամբ ինչպիսին է:
«Փաստորեն, մենք մեր արտաքին պարտքը ավելացնում ենք հավասարակշռությունը պահպանելու համար: Ուզում եմ հասկանալ, ՌԴ պահվածքը ռազմավարական դաշնակցի պահվա՞ծք է, թե այլ: Փաստորեն, մեր ռազմավարական դաշնակիցը մեր թշնամուն զենք է վաճառում, ու մեզ ստիպում է իրենից վարկ վերցնել: Այս ուղղությամբ ՀՀ ՊՆ-ն ու կառավարությունն ի՞նչ քայլեր են ձեռնարկում: Կարծում եմ, մեր դաշնակից գործընկերոջ պահվածքը դաշնակցի պահվածք չէ: Վարկ եք բերել, որը բացարձակ խրախուսելի չէ»,- հայտարարեց պատգամավորը՝ ակնարկելով, թե «այս պահվածքով ՌԴ-ն ստորացնում է Հայաստանին»:
Ի պատասխան Ա. Նազարյանն արձագանքեց, որ Զարուհի Փոստանջյանը համապատասխան ինֆորմացիա չունի մեր ռազմավարական դաշնակցի վերաբերյալ, հետևաբար՝ նման տեսակետ է հնչեցնում:
«Դուք այս հայտարարությամբ Սահմանադրության կոպիտ խախտում եք թույլ տալիս: Սահմանադրությամբ ամագրված այն կետը, որով ասվում է, որ զինված ուժերը քաղաքական չեզոքություն են պահպանում, փորձում եք այդ չեզոքությունը բերել քաղաքական դաշտ: Սա ճիշտ չէ»,- արձագանքեց փոխնախարարը: