02/07/2015 14:32
«Նաիրիտի» բաժնետոմսերը կվերադարձվեն ՀՀ կառավարությանը
ՀՀ կառավարությա այսօրվա նիստում քննարկվում էր Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին որոշման նախագիծնը:
ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, որ առաջարկվում է պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Հայգազարդ» ՓԲԸ-ին 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով՝ ապահովման միջոցներով հանդերձ։
Նրա խոսքով՝ այստեղ վարկի ընդհանուր գումարը 70 մլն դրամ է և գրավադրված են բոլոր բաժնետոմսերը։
Նախագծով առաջարկվում է պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Նաիրիտ 2» ՓԲԸ-ին 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ։
«Այստեղ վարկային միջոցները 110 մլն դրամ են և գրավադրված է ամբողջ անշարժ գույքը»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ ընդհանուր պայմանագիրն այսօր քննարկվում է և համաձայնեցման փուլում է, իսկ ողջ գործընթացը հուլիսին կավարտվի։
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին: