02/07/2015 15:42
Փաշինյան. 200 մլն վարկի մարումը նույնպես պետք է մնա ՀԷՑ սեփականատիրոջ վրա
ԱԺ-ում «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննակման ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշիանյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ ո՛չ հիմնական զեկուցողի, ո՛չ էլ մյուս ներկայացուցիչների պատասխաններն իրեն չգոհացրեցին:
«Ստացվում է, որ Հայաստանը ՌԴ-ից պարտքով գումար է վերցնում՝ զուտ անվտանգության խնդիրը լուծելու ուղղությամբ, սակայն այնպիսի տպավորություն է, որ ՀՀ կառավարությունն ու իշխանությունները անվտանգության համար նախատեսված միջոցները վերցնում են՝ դրանով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը թոթփելու համար»,- հայտարարեց պատգամավորը:
Պատգամավորը նկատեց նաև, որ հիմնական զեկուցող ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը թեև այս հարցը չպարզաբանեց, բայց նրա կողմից արված մի հայտարարություն, փաստորեն, այդ վարկածը հաստատեց:
«Փոխնախարարն իր խոսքում նշեց, որ այս ապրանքների գնման համար նախաստորագվել են պայմանագրեր: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է ապրանքներ ձեռք բերի: Ըստ էության, որևէ հրատապ բան տեղի չի ունեցել: Ըստ զեկույցի՝ հրատապ բան է տեղի ունեցել միայն այդ ապրանքների գնման ֆինանսական ոլորտում»,- նկատեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ամենը քննարկվել է բողոքի ակցիաների ֆոնին, առաջ քաշած վարկածը հիմնավորված է:
«Ստացվում է, որ ՀԷՑ-ում ստեղծված թալանի մթնոլորտի բեռն, ուղղակի, թե անուղղակի, կրկին դրվում է ՀՀ քաղաքացիների ուսերի վրա: Մենք բազմիցս ենք խոսել ՀԷՑ-ի բարցիթողի վիճակի մասին, սակայն մեզ ոչ ոք, կարծես թե, չի լսել: Հաճախ ենք ասել, որ կան ներքին չարաշահումներ, ճոխություններ ու ոչ նպատակահարմար ծախսեր, սակայն Հայաստանի իշխանություններն այդ ամենն անտեսել են ու միշտ արտաբերել նույն ծեծված ու նույնաբովանդակ պարզաբանումները. ՀԷՑ-ն ունի սեփականատեր, իսկ խնդիրները սեփականատիրոջ ներքին խնդիրն է»,- հիշեց պատգամավորը:
Համաձայնելով այդ մտքի հետ՝ պատգամավորը մի տարբերություն նշեց միայն, որ եթե այդ գործարքի հետևանքով առաջանում է 200 մլն-անոց ճեղքվածք, ապա այդ ճեղքվածքի պարտքը նույնպես պետք է վճարի այդ նույն սեփականատերը: «Սա, ըստ էության, ապրանքային վարկ է, սակայն կան ողջամիտ կասկածներ, որ այս վարկային համաձայնագրի շուրջ ևս ստեղծվում է ֆինանսական բուրգ, որը պետք է վճարեն ՀՀ քաղաքացիները՝ իրենց գրպանից: Քանի դեռ այս հարցերը պարզաբանված չեն, ես դեմ եմ այս նածագծին»,- եզրափակեց պատգամավորը: