02/07/2015 17:15
Հակոբյանն ու Փոստանջյանը չեն կողմնորոշվում. «Ժառանգության» տեսակետն արտահայտվեց երկու անգամ
ԱԺ-ում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով ի զարմանս բոլորի ու, հատկապես համանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցությունն այս համաձայնագրին կողմ կքվեարկի:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը մտքերի փոխանակության ժամանակ հայտարարել էր, որ ինքն անձամբ, ինչպես նաև՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները դեմ կքվեարկեն այս նածագխին:
Իր ելույթում Ռ. Հակոբյանը հայտարարեց, որ սա այն եզակի նախագծեերից մեկն է, որն ինքն առանց որևէ նախապայմանի ուզում է կողմ քվերակել:
««Ժառանգությունն» այդ հարցի հետ կապված ունի տարբեր կարծիքներ»՛,- հայտարարեց պատգամավորը՝ նշելով, որ խմբակցությունն ազատ քվերակություն է իրականացնելու:
Այդ ընթացքում կրկին միջամտեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու հավելեց. «Էդ դեպքում խմբակցության անունից ելույթ մի ունեցեք»,- միջամտեց նա, որին ի պատասխան միջամտեց նաև Աժ նախագահ Գալուստ Սահակյանը.
«Տիկին Փոստանջյան, դուք բոլորին միջամտում ու խանգարում եք: Բոլորին դիտողություն եք անում. յուրայինին, մյուսին, թողեք թող մարդն իր տեսակետն արտահայտի»,- նշեց Գ. Սահակյանը:
Ռ. Հակոբյանն էլ շարունակելով խոսքը, նախ շնորհակալություն հայտնեց խորհրդի համար, ապա հավելեց, որ ինքը միշտ վերապահումով է վերաբերվել վարկերին: Այդ ընթացքում կրկին միջամտեց Զարուհի Փոստանջյանն, ով կրկին Ռ.Հակոբյանին դիտողություններ արեց, որից սակայն պատգամավոր Ռ. Հակոբյանը նեղսրտեց.
«Լավ, հասկացանք, վերջացրու»,- դիմելով Փոստանջյանին՝ հորդորեց Ռ. Հակոբյանը:
«Տիկին Փոստանջյան, մարդկանց տեսակետի վրա մի բռնացեք»,- կրկին միջամտեց Գալուստ Սահակյանը, իսկ Ռ. Հակոբյանը շարունակեց.
«Եթե 15 հազար դոլար տրամադրում ենք մի զիմբվավեցու, որ գա ու Արարատյան դաշտավայրում սովորեցնի, ինչպես ծիրան հավաքել, կամ ինչ-որ մեկին, ով պետք է գա ու ապարնցուն կարտոֆիլ վարել սովորեցնի, կամ՝ կթվորուհուն, թե կովի կուրծքն ինչ հիգենայի պայմանում կարելի է պահել, որ լավ կաթ տա... Իհարկե, այսպիսի դեպքերում ես վարկերին վերապահումով եմ մոտենում, սակայն այս վարկն առանձնանում է»,- հայտարարեց պատգամավորը:
Նա նշեց, որ դահլիճում գտնվող պատգամավորները, և ոչ միայն, պարտադրված են այս վարկի մաին դրական խոսել, քանզի այդ վարկն իր բնույթով առանձնանում է: Մեջբերելով Չեխովի հայտնի խսքերը, նա հավելեց.
««Եթե պատից կա կախված հրացան, դա անպայման մի օր կրակելու է»: Այս խոսքերն ասված են մեր տարածաշրջանի համար, որովհետև, ցավոք սրտի, մենք այսօր ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որը համարվում է ամենառազմականացվածը: Եվ չի եղել մի նախադեպ, որ արարի վերջում հրացանը չկրակի»,- ասաց նա:
Չհամաձայնելով նաև այն տեսակետների հետ, թե Ռուսաստանն այս քայլին է գնում Հայաստանի անվտանգությունից ելնելով, Ռ. Հակոբյանը նկատեց, որ դա կլինի ինքնախաբերություն:
«Եկեք ինքներս մեզ չհամոզենք ու ընդունենք, որ սա փոխշահավետ արտոնյալ վարկ է, որովհետև Ռուսաստանը պաշտպանում է նաև իր աշխարհաքաղաքական շահերը»,- հայտարարեց պատգամավորը՝ ընդգծելով, որ, իհարկե, լավ կլինի, որ ոչ ոք մեկը մյուսին զենք չվաճառի, սակայն յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահերով:
Մեջբերելով Ադրբեջանական սպառնալիքները, թե պատերազմական գործողությունների ժամանակ կարող են մի ժամում Երևան մտնել, Ռ. Հակոբյանը հավելեց, որ այս քայլով էլ Հայաստանը կարող է ավելի շատ բան ասել:
«Կա մի նշաձող, որ պետք է չանցնենք: Դա պետության անվտանգությունն է: Սա քեշ փող չի լինելու, այլ այդ վարկը ստանալու ենք այն արտադրանքի ձևով, ինչ նախատեսված է այս ցանկով; Իսկ ահա արտարժույթի մասով, շատ ներողություն՝ շուստրիություն կա: Հարգելի փոխնախարար, խնդրում եմ սա պարզաբանեք, որովհետև վարկային ատկատները շատ վտանգավոր են»,- հավելեց նա:
Ամփոփելով իր միտքը Հակոբյանը նշեց, որ այս քայլով լավ գործ է արվում, սակայն չպետք է թացն ու չորը խառնել իրար: