03/07/2015 19:32
Իմ կողմից նման պահվածք չի կարող լինել, քանի որ ես հղփացած երեխայի դաստիարակություն չեմ ստացել. Առաքել Միրզոյան
Aysor.am-ի զրուցակիցը աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանն է, Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին և սանը: Ինչպիսի՞ն են հայր-որդի հարաբերությունները, ովքեր են նրա ընկերները, ինչպիսի կին, կողակից է նախընտրում ճանաչված ու սիրված մարզիկը:
-Ներկայումս ի՞նչ զբաղվածություն ունեք, ի՞նչ եք անում:
-Այս պահին Եվրոպայում եմ, ինտենսիվ բժշկական զննումներ եմ անցնում` կապված արմունկիս վնասվածքի հետ:
-Մեր նախորդ զրույցի ընթացքում նշեցիք, որ պատրաստվում եք ապրիլ ամսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Սակայն, չմասնակցեցիք… Որևէ պատճառ կա՞ր:
-Այո, պետք է մասնակցեի Եվրոպայի առաջնությանը, սակայն, ցավոք, մրցումների մեկնելուց 10 օր առաջ` փորձամրցման ժամանակ, վնասվեց այն նույն արմունկս, որը վնասվել էր նաև 2010 թվականին: Դա էր Եվրոպայի առաջնությանը չմասնակցելու իրական պատճառը:
-Վիրահատության կարիք չեղա՞վ:
-Եղավ, իհարկե. մի քանի օրից պատրաստվում եմ արմունկիս հատվածում վիրահատության, որպեսզի հասցնեմ պատրաստվել հաջորդ տարի կայանալիք Օլիմպիական խաղերին:
-Առաքել, ի վերջո, յուրաքանչյուր մարզիկի գերնպատակը օլիմպիական չեմպիոնի տիտղոսին արժանանալն է: Ինքներդ և՞ս սևեռված եք այդ մտքին:
-Ճիշտ եք, լուրջ սպորտով զբաղվող մարդու երազանքն Օլիմպիական մեդալ ունենալն է: Ես էլ ձգտում եմ դրան, ջանք ու եռադ չեմ խնայելու` գոնե այս անգամ հաջողության հասնելու համար: Թե արդյունքում ինչ կստացվի, դա էլ թող Աստված որոշի:
-Ասում են, երբ մեր ուսուցիչները մեր ծնողներն են լինում, ապա դա նաև իր վատ կողմն է ունենում. ծուլանում ենք…Ինքներդ մարզվում եք Ձեր հայրիկի` Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի մոտ: Նման զգացողություն երբևէ ունեցե՞լ եք:
-Իսկապես, լինում են դեպքեր, երբ հայրն ավելի զգացմունքային է լինում: Իմ դեպքն այդպիսին չէ. հայրս, որպես մարզիչ, շատ խիստ է իմ` թե́ ռեժիմին, թե́ սնունդին և թե́ մարզումների ժամանակացույցին: Շա~տ պահանջկոտ է:
-Դա երբեմն խնդիրներ չի՞ առաջացնում:
-Այո, պահեր են լինում, երբ մարզումների ժամանակ միմյանց չենք հասկանում, բայց դա տևում է 10 րոպե և ոչ ավելին: Ինքս ձգտում եմ միշտ լսել մարզչիս խորհուրդները և գնալ դեպի առաջ:
-Փաստորեն, հայր-որդի հարաբերություններում հաճախ են բանավեճեր լինում:
-Այո, իհարկե բանավեճեր լինում են, բայց շատ շուտ ամեն ինչ անցնում է: Չեմ կարծում, որ կան հայրեր և որդիններ, ովքեր չունեն փոքրիկ տարաձայնություններ:
-Օգսեն Միրզոյանի որդին լինելը որքանո՞վ է պարտավորեցնող Ձեզ համար:
-Օգսեն Միրզոյան անունն արդեն իսկ պարտավորեցնող է (ժպտում է):
-Ի՞նչ եք կարծում, բնավորության ո՞ր գիծն եք ժառանգել Ձեր հայրիկից:
-Հայրս շատ համեստ և մարդամոտ մարդ է, ես հպարտ եմ, որ այդքան մեծ սրտով ու բարեհոգի ծնող ունեմ: Ասեմ, որ ես չեմ կարող ժխտել, որ նրանից ժառանգել եմ բարի և մարդկանց կարեկից լինելու հատկանիշները:
-Երիտասարդ տարիքում շոշափելի ձեռքբերումներ, հաջողություններ ունեցող մարդիկ երբեմն ինքնահավան ու գոռոզ են դառնում: Այդ աստղային հիվանդության հետ երբևէ առընչվել կամ առընչվո՞ւմ եք:
-Իմ հաղթանակներով ու ձեռքբերումներով ուրախանում է ամեն մի հայ, ամեն մի քաղաքացի: Ես ինչպե՞ս կամ ո՞ւմ հանդեպ ինձ գոռոզ պահեմ. այդ մարդկա՞նց: Չէ, իմ կողմից նման պահվածք չի կարող լինել, քանի որ ես հղփացած երեխայի դաստիարակություն չեմ ստացել: Չի́ կարող ոչ մի ձեռքբերում ինձ գոռոզացնել:
-Կարծում եմ, Ձեր առջև այժմ աշխարհի որևէ երկրի դուռ փակ չէ: Երբևէ մտածե՞լ եք Հայաստանից մեկնելու, այլ երկրում ապրելու ու այդ երկիրը ներկայացնելու մասին:
-Շատ առաջարկներ են եղել, որ հանդես գամ այլ դրոշի ներքո, բայց չեմ ցանկացել:
-Ո՞ր դեպքում կհեռանաք:
-Չգիտեմ` որ դեպքում, բայց մի բան հաստատ է. եթե գնացող լինեի, արդեն գնացած և ուրիշ երկրում շարունակելիս կլինեի գործունեությունս:
-Առաքել, գիտեմ, որ սիրում եք ազատ ժամանակ որսորդությամբ զբաղվել: Որտեղի՞ց է այդ սերն առաջացել:
-Որսորդ ընկերներ ունեմ, ովքեր ինձ մի օր որսի հրավիրեցին: Սիրեցի որսորդությունը, այն դարձավ իմ` հանգիստն անցկացնելու լավագույն միջոցներից:
-Ովքեր են Ձեր ընկերները:
-Ինձ համար բոլոր ընկերներն էլ հավասար են, նրանց մեջ խտրականություն երբեք չեմ դնում: Կապ չունի` «քյասիբ» է, հարուստ, գյուղացի, թե քաղաքացի: Ինքս էլ գյուղում եմ ապրում և շփվում եմ բոլորի հետ:
-Առաքել, դեռևս չե՞ք մտածում ընտանիք կազմելու մասին:
-Իհարկե, մտածում եմ ընտանիք կազմելու մասին և կարծում եմ` մոտ ժամանակներս մի բան կստացվի:
-Ինչպիսի՞ն պետք է լինի ՆԱ, որ կարողաա գրավել բծախնդիր մարզիկին:
-Չգիտեմ, երևի պետք է լինի հոգատար, լավ պատրաստել իմանա, լինի լավ մայր, չլինի գոռոզ ու «նազուտուզով»… Մի խոսքով, ունենա հայ կնոջը հարիր հատկանիշներ:
-Իսկ կնոջ մասնագիտությանը կարևորություն տալի՞ս եք:
-Ուղղակի սիրում եմ, որ կինը լինում է կիրթ, բանիմաց, որպեսզի կարողանա իր երեխաներին որոշ հարցերում օգնել: Ցանկալի է առօրյայում շփվել խելացի մարդու հետ:
-Արդյոք մարզիկները ևս խենթ են և պատրաստ են սիրած անձնավորության համար խենթություն անել:
-Երբ հասկանամ, որ այդ մեկն այն աղջիկն է, ում համար պետք է խենթություններ անեմ, ապա այո, յուրաքանչյուր խենթության պատրաստ եմ: Այդպես էլ պետք է լինի, բա ջահել տղա եմ, չանե՞մ (ծիծաղում է):
-Առաքել, սիրում եք ճամփորդել: Ամառն արդեն իր իրավունքների մեջ է, հանգստի մասին մտածո՞ւմ եք:
-Պարտադիր չէ` ամառ լինի, որ ճամփորդեմ: Անկանխատեսելի եմ. երբ հարմար ժամանակ եմ գտնում, գնում եմ հանգստանալու: Հաճախ ընկերներիս հետ ենք մեկնում, գնում ենք մեր մյուս ընկերների մոտ: Ոչինչ պլանավորել չեմ սիրում: