03/07/2015 16:06
Բաղրամյանում հավաքվածներն ազատության ու արդարության ջատագովներն են. Արամ Գրիգորյան
Ոչ թե էլեկտրաէներգիայի սակագինը ստիպեց մարդկանց Բաղրամյան պողոտա դուրս գալ, այլ այս 25 տարիների կուտակված խնդիրները: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս մասին հայտարարեց «Զարթոնք» քաղաքական-գաղափարական ակումբի անդամ Արամ Գրիգորյանը:
«Այս 25 տարիների արատավոր արարքներն ու անարդարությունն է մարդկանց ստիպել, որպեսզի նրանք այսօր փողոց դուրս գան, իսկ էլեկտրաէներգիայի թանկացումը պարզապես առիթ էր: Մարդկանց համբերության բաժակը լցվել է»,- ասաց նա՝ նկատելով, որ այսօր այդ մարդկանց շատ են փորձում սոցիալական խնդիրներով շեղել, բայց միևնույն է՝ նրանք նույն ոգով շարունակում են պայքարել:
«Բաղրամյանում հավաքվածներն ազատության ու արդարության ջատագովներն են: Նրանք ուզում են ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագնի կասեցում, այլև արդարության ու ազատության վերակագնում: Իսկ մեր երիտասարդությունը վերջապես իր մեջ ուժ գտավ ու դուրս ելավ փողոց, ինչը վաղ թե ուշ պետք է լիներ»,- ասաց նա՝ նկատելով, որ այսօր երկրի առջև ծառացած խնդիրները ոչ թե ՀՀ քաղաքացիների մեղքով են, այլ իշխանությունների ոչ լեգիտիմության հետևանքով, ովքեր իրականում իրենց համապատասխան ֆունակցիաները չեն կատարել:
Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ նա նշեց, որ նախագահն իր հայտարարության մեջ ոչ թե բարձրացրած հարցերին պատասխանեց, այլ նոր հարցեր բարձրացրեց: «Նա իր ելությում նշեց, որ միջազգային կազմակերպությունները միջկառավարական աուդիտ անցկացնեն, սակայն ճիշտ կլիներ, որ այդ աուդիտը հայկական կողմն իրականացներ: Ճիշտ կիներ նաև այն, որ մենք մեր մասնաբաժինը չվաճառեինք, որպեսզի ոչ մի միջազգային կազմակերպության էլ չխնդրեինք: Իսկ եթե աուդիտ են հրավիրում, ապա պետք է այդ հանձնաժողովում ընդգրկվեն նաև համապատասխան և որակյալ մասնագետներ: Մինչդեռ մեր նախագահն առաջարկում է ակցիայի մասնակիցներին դրանում ներառեն»,- հավելեց նա:
Ասուլիսի մեկ այլ բանախոս Գևորգ Հովսեփյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ այսօրվա բողոքի ակցիան ինքնաբուխ է, իսկ մերօրյա իշխանություններն ունեն վստահություն վերականգնելու խնդիր: Նրա խոսքով՝ գործող իշխանություններին այսօր ոչ ոք չի վստահում: «Ոչ թե երիտասարդներն են կորցրել իրենց վստահությունը, որը փորձում են վերականագնել, այլ մենք՝ բոլորս, որի մոտ այդ անվստահությունն առաջացել է այս կուտակված 25 տարիների ընթացքում: Մեր իշխանությունները պետք է վերակագնեն այդ վստահությունն»,- ասաց նա:
Գ. Հովսեփյանն ամեն դեպքում ողջունում է երիտասարդների այդ քայլն ու լիահույս է, որ այս քայլով երիտասարդները գուցե կկարողանան երկիրը վերջապես պետականության հիմքերի վրա դնել: «Իրականում բողոքի ակցիայի նպատակն իրականացվեց: Այդ ակտիվ շարժումն իր նպատակի արդեն հասավ, արդեն սկսվել է շարժման նպատակը, մնում է միայն մարտավարություն կիրառել»,- հավելեց նա: