03/07/2015 16:36
Եթե ՀԾԿՀ-ն իր լիազորությունները չի իրականացրել, պետք է հրաժարական տա. Գևորգ Հովսեփյան
Այս օրերին խոսք է գնում էլեկտրաէներգիայի թանկացման, ՀԷՑ-ի չարաշահումների ու աուդիտի անցկացման, սակայն ոչ՝ հոսանքի սակագնի սահմանման մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն ու դրան նախորդող ու հաջորդող իրադարձություններին, այս մասին հայտարարեց «Զարթոնք» քաղաքական-գաղափարական ակումբի անդամ Գևորգ Հովսեփյանը, ով այս խնդրի համար առաջարկում է լուծման երկու բանալի: Կամ պետք է ՀԾԿՀ-ն հրաժարական տա, կամ նորից քննարկում կազմակերպի:
Հստակեցնելով՝ բանախոսը նախ նշեց, որ էլեկտրաէներգիայի, գազի, ինչպես նաև ջրի սակագնի համար գին սահմանվում է ոչ թե մոնոպոլ ընկերությունների, այլ Սահմանդրությամբ ստեղծված լիազոր մարմնի կողմից, որն այս դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովն է: Նրա խոսքով՝ Հայաստանում բոլոր սոցիալական խնդիրները հիմնականում առաջանում են վատ կառավարման հետևանքով, իսկ այս կառույցն իր լիազորությունները պատշաճ կերպով չի իրականացնում: «Եթե այս և նման բոլոր հարցերի կարգավորումը պետությունը գցում է մեկ ուրիշի վրա, ապա արդեն այստեղ ունենք լուրջ խնդիր: Եվ որպեսզի հոսանքի, գազի կամ ջրի համար սահմանվի համապատասխան սակագին, ստեղծվել է հատուկ լիազոր և անկախ մարմին՝ ՀԾԿՀ-ն, որին Սահմանադրությամբ տրվել են բավականին լուրջ լիազորություններ, բայց իրականում այսօր այդ մարմինն անկախ չէ: Հանձնաժողովը չպետք է կողմնակալություն ցուցաբերեր ու սակագնի վերաբերյալ նախ ինքը պետք է քննարկումներ կազմակերպեր: Այդ մարմինը պետք է շահագրգռված լիներ ու միասնական սակագին առաջարկեր, մինչդեռ՝ այդպիսի բան տեղի չունեցավ»,- ասաց նա:
Գ. Հովսեփյանը բացատրեց, որ այդ քննարկումների ընթացքում եթե համատեղ որոշում չի ընդունվում, ապա Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում պարտավոր է գործընթացի կանոնները պահպանելով հաշտեցման եզրեր գտնել, մինչդեռ այդպիսի բան տեղի չունեցավ: Նա նշեց, որ իր լիազորություններով ՀԾԿՀ-ն պետք է համապատասխան վերահսկողություն սահմաներ, որպեսզի իր ձեռքը ՀԷՑ-ի «պուլսի» վրա պահեր: «Եթե նա վերահսկեր, այսօր հոսանքի թանկանալու խնդիր առհասարակ չէր առաջանա: Իսկ եթե մոնոպոլ ընկերությունն առաջարկում է սակագին, դա չի նշանակում, թե հանձնաժողովը պետք է բավարարի կամ չբավարարի այդ հայտը: Նա պետք է հրավիրի համապատասխան ընկերություններին ու սպառողին, և առաջարկեր օբյեկտիվ սակագին: Իսկ եթե այդ ընթացքում որոշվում է սակագին բարձրացվել, ապա գնին զուգահեռ պետք է նաև որակի բարձացման մասին խոսվեր, մինչդեռ՝ այս տարիների ընթացվքում մենք կորոստներից բացի չունենք ոչ սպառողական որակ, ոչ էլ ընկերությունների համար շահույթ: Այսինքն՝ այստեղ կրկին նկատելի է ՀԾԿՀ-ի թերացումը: Այդ կառույց կողմից այս տարիների ընթացքում համապատասխան վերահսկողությունը չի իրականցվել, մինչդեռ ՀՀ օերնսդրությամբ այդ Հանձնաժողովին տրված է բոլոր լիազորություններն ու հնարավորությունները»,- ընդգծեց Գ. Հովսեփյանը:
Նա նկատեց, որ թեև կայացվել է աուդիտ անցկացնելու մասին որոշում, բայց իրականում այդ աուդիտը նույնպես ոչինչ չի տա խնդրի կարգավորմանը, և մարդիկ նորից ստիպված կլինեն փոցող դուրս գալ: «Աուդիտ ՀԷՑ-ում ամեն տարի անցկացվում է: Պարզապես պետք է Հանձնաժողովին ճնշել, որպեսզի նա իր լիազորությունները պատշաճ իրականացնի: Սակագինը հարցի լուծման միայն տնտեսական ու սոցիալական կողմն է, բայց կա նաև հարցի քաղաքական կողմը, որը պետք է լուծել: Այսինքն՝ եթե այդ Հանձնաժողովն իր լիազորությունները չի իրականացրել և շարունակում է այդպես, ապա պետք է այն լուծարել, իսկ քանի որ երկրի նախագահը չունի այդ կառույցը լուծարելու լիազորություն, մնում է միայն ընդունել և ստորագրել այդ հանձնաժողովի անդամների հրաժարականները»,- հավելեց Հովսեփյանը:
Հովսեփյանի խոսքով՝ եթե ժամանակին ՀԾԿՀ-ն իրականացներ պատշաճ վերահսկողություն, ապա այսօր և առհասարակ հոսանքը թանկացնելու խնդիր չէր լինի: «Նախագահի ելույթի մեջ բարի խոսքերի փոխարեն կցանկանայի այլ շեշտադրումներ տեսնել: Նա ոչ թե պետք է միջազգային կազմակերպություններին աուդիտ անցկացնելու խնդրանք ներկայացներ, այլ ՀԾԿՀ-ի հրաժարականն ընդուներ: Եթե մենք ՀԷՑ-ին տվել ենք լիազորություններ, ապա նա կարող է նաև չարաշահումներ թույլ տալ, բայց այս դեպքում խոսքը ոչ թե ՀԷՑ-ի մասին է, այլ Հանձնաժողովի: Այսինքն՝ այսօր իշխանությունները հարցի լուծման համար պետք է ոչ միայն ելքեր փնտրեն, այլ իրավական գործիքակազմ կիրառեն»,- ասաց նա: