03/07/2015 13:30
Քաղտեխնոլոգ. Երիտասարդների ուժը հենց անկազմակերպվածության մեջ էր
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող երիտասարդները հաջողության հասան, քանի որ քաղաքականացված չէին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ ավելացնելով.
«Նրանց ուժը հենց անկազմակերպվածության մեջ էր»:
Կարեն Քոչարյանն ընդգծեց՝ հիմա էլ ամեն ինչ նորմալ է:
«Հիմար խոսակցություններ են, թե երիտասարդները ծախվել կամ վախեցել են: Եթե աուդիտից հետո պարզվի, որ սակագինը պետք է թանկանա, համոզված եմ, որ տղաները կրկին դուրս են գալու պայքարի: Պայքարող սերունդ ունենք»,- ասաց քաղտեխնոլոգը:
Բանախոսի կարծիքով՝ հիմա ոչ մի պառակտում չկա ու երիտասարդները կկարողանան ընդհանուր հայտարարի գալ:
Ինչ վերաբերում է այս օրերին ոստիկանության գործունեությանը, ապա Կարեն Քոչարյանի խոսքով՝ նրանք փորձում են հնարավորինս ճիշտ դուրս գալ այս վիճակից:
«Փորձում են խնդիրներ չստեղծել, ցույց տալ, որ ժողովրդավարական երկիր է, հակառակ պարագայում միջազգային կառույցների քննադատությանն են արժանանում»,- ասաց բանախոսը: