03/07/2015 12:37
Մաքսիմ Սարգսյան. Մեր պայքարը շարունակվելու է, քանի որ պահանջներից որևէ մեկը չի կատարվել
Մեր պայքարը շարունակվում է ու պահանջներն էլ նույնն են, քանի որ դրանցից որևէ մեկը չի կատարվել: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ նշելով, որ իշխանությունները ինչ-որ չափով նահանջել են միայն մի կետում ու առաջարկել են աուդիտ անցկացնել:
«Աուդիտի հետ կապված՝ ես խոսել եմ մասնագետների հետ և նրանք նշում են, որ սա ուղղակի հերթական քայլն է ժողովրդի աչքերը փակելու համար: Այսպիսով՝ ցանկանում են թանկացման հիմքեր ստեղծել»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:
Նա նշեց, որ իրենց նախաձեռնությունը չի մասնակցելու գործընթացին, որպեսզի չլեգիտիմացնի այն.
«Դրա անցկացման ընթացքում, սակայն պարբերաբար ճնշում ենք իրականացնելու մեր փողոցային պայքարով»,- ասաց Մաքսիմը:
Քննարկմանը մասնակից «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանն էլ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշեց, որ վերջին պայքարի օրերը մեր նորագույն պատմության մեջ ամենալուսավորն էին:
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ քաղաքական ու քաղաքացիական պայքարի իրական սերնդափոխություն»,- ասաց Արմեն Մկրտչյանը: