03/07/2015 13:07
Հիացած եմ երիտասարդների գործողություններով․ Սոս Գիմիշյան
«Հիացած եմ երիտասարդների գործողություններով», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով օրեր շարունակ Բաղրամյան փողոցում ընթացող էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին, ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Ս. Գիմիշյանը գոհունակություն հայտնեց, որ երիտասարդները փորձում են ինչ-որ ձևով իրենց երկրին տեր զգալ:
Խոսելով ՀԷՑ-ում աուդիտի անցկացման մասին՝ Ս. Գիմիշյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իր համար թերի էր, պետք է ոչ թե աուդիտ, այլ՝ ստուգում: Բանախոսի կարծիքով՝ օրենքով աուդիտ մեր պետությունը չի կարող հրավիրել, եթե չկա սեփականատիրոջ համաձայնությունը: «Այս ամենում ավելի շատ քաղաքական, քան տնտեսական խնդիրներ է կան»,- ասաց նա:
Սոս Գիմիշյանն անդրադարձավ նաև Բաղրամյան պողոտայում ԵՄ դրոշի հայտնվելուն՝ նշելով, որ դա փորձ էր քաղաքականացման, բայց երիտասարները դեմ եղան:
«Պետք չէ աշխարհաքաղաքական խնդիր բերել Բաղրամյան, քանի որ գլխավոր նպատակը կազմակերպված հասարակություն ունենալն է:»,- ասաց նա: