03/07/2015 11:32
Արագած Ախոյան. Ցուցարարները կազատեն Բաղրամյանը
Ցույցերն իրենց գործն արեցին, ստիպեցին, որպեսզի հանրության պահանջի հետ հաշվի նստեն ու հասկանան, որ սոցիալական խնդիրները շատ ակտուալ են: Մենք ունենք փայլուն երիտասարդություն, որը պատրաստ է պայքարել իր իրավունքների ու պահանջների կատարման համար: Այս մասին Aysor.am-ի եհտ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը.
«Մեր երիտասարդությունը ապացուցեց, որ իրենք կարող են կանգնել իրենց երկրի, իրենց շահերի ու ապագայի համար և այդպիսով իշխանությունների մտածելու բավականին տեղիք տվեց»,- ասաց նա՝ շեշտելով, որ անշուշտ կարող ենք ասել, որ հաջողություն արձանագրել ենք:
Թե ինչու ինքը այս օրերի ընթացքում այդպես էլ չերևաց Բաղրամյան պողոտայում պատգամավորը պարզաբանեց այն հանգամանքով, որ Հայաստանում չէր, գործուղման մեջ էր: Եվ այս առումով հետաքրքիր դիտարկում արեց.
«Ես արտերկրում էի գործուղման և պետք է ասեմ, որ այնտեղ շատ բարձր գնահատվեց այս ողջ գործընթացը, օտարերկրյա իմ գործընկերները իմ հետ զրույցում նշում էին, թե որքան ողջունելի է նման պահանջատեր հասարակություն, առավել ևս երիտասարդություն ունանելը: Ու հատկապես գնահատում էին իշխանությունների խոհեմությունը, որն արտացոլվեց իշխանություն-ցուցարարներ հարաբերություններում»,- նշեց նա: Սա, ասաց պատգամավորը, գովելի է ոչ միայն իր, այլև իր օտարերկրյա գործընկերների կողմից, ինչն ընկալվեց իբրև քաղաքական նոր մշակույթ:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած առաջարկին՝ սուբսիդավորել 6.93 դրամ թանկացումը, ինչը չի զգա երկրի բնակչությունը մինչ անկախ աուդիտը իր գնահատականը կհնչեցնի ՀԷՑ-ում առկա իրավիճակի մասին, Արագած Ախոյանն ասաց, որ դա ողջամիտ ու ողջունելի առաջարկ էր երկրի ղեկավարի կողմից.
«Պետք է ընդգծեմ, որ անցած տասնօրյակը ի հայտ բերեց թե իշխանությունների, թե ցուցարարների հարաբերությունների նոր մակարդակ: Եվ դրսից, ուրիշի աչքերով այդ ամենը էլ ավելի լավ էր երևում»:
Ինչ վերաբերում է կարծես թ եայն փակուղային իրավիճակին, որ առկա է այսօր, երբ ոստիկանությունը, փաստորեն, ուժ չի ցանկանում կիրառել, իսկ ցուցարարներն էլ հրաժարվում են լքել Բաղրամյանը, Ա.Ախոյանն ասաց, որ տեսնում է, որ ցուցարարների շարքերն այլևս միասնական չեն և նրանց մի մասը այլևս համաձայն չէ ցույցերը շարունակելու, քանի որ ստացել է իր պահանջվածը.
«Եվ շատ ողջունելի է, որ հենց իրենք են որոշում կայացնում, այսինքն ուժի գործադրում չկա: Ոստիկանությունը շատ խելացի վարվեց , շատ դիվանագիտորեն մոտեցավ հարցին՝ թողնելով, որ մարդիկ իրենց բողոքի ձայնը մինչև վերջ արտահայտեն, ցուցարարներն էլ չափ ու սահման չանցան, ամեն ինչ քաղաքակիրթ էր: Սա, կրկնում եմ, բավականին զարմանալի ու գովասանքի արժանի մշակույթ էր»,- նշեց նա՝ հավելելով, որ տեսնելով, որ իշխանությունների խոստումները ուղղակի բառեր չեն ցուցարարներն էլ կազատեն Բաղրամյանը: