03/07/2015 17:29
Գ. Մինասյան. Ժամանակը ցույց կտա՝ այս ակցիաները ազդեցություն ունեցան տնտեսության վրա, թե ոչ
Օրերս Երևանում տեղի ունեցավ «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովը, որն արդեն որակել են տարվա տնտեսական կարևորագույն իրադարձություններից մեկը: Aysor.am-ի հետ զրույցում համաժողովին մասնակցած ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ միջոցառումը չափազանց կարևոր էր այն տեսանկյունից, որ մոբիլիզացնում է թե կառավարությանը, թե բոլոր այն կառույցներին, որոնք կոչված են իրականացնել կառավարության ծրագրերը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ավելի հստակ պատկերացնել թիրախները ու համագործակցության նոր եզրեր գտնել կառավարության տարբեր ոլորտների միջև:
Նշենք, որ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Հովի Աբրահամյանը հերթական անգամ լավատեսորեն հայտարարեց, որ տարեվերջին տնտեսական աճ ենք ունենալու: Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է այդ լավատեսությունը.
«Երկրի տնտեսական վիճակի մասին ամենամեծ տեղեկատվությունը կան դրա զարգացման հնարավոր տարբերակները ունի վարչապետը: Եվ եթե նա ասում է, որ լավատես է, ապա անշուշտ հիմքեր ունի դրա համար»,-նշեց նա: Ավելացրեց նաև, որ ելնելով դրանից Հովիկ Աբրահամյանի կողմից ՝ տնտեսական աճի մասին հնչեցված գնահատականները առավել , քան իրատեսական են:
Ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, որ երկրում տեղի ունեցող ցնցումային իրադարձությունները, բողոքի ակցիաներն ու սոցիալական ընդվզումները առաջին հերթին անդրադառնում են տնտեսության վրա և արդյոք հիմա նման վտանգ տեսնում է, հաշվի առնելով Բաղրամյան պողոտայում տաս օրից ավելի շարունակվող բողոքի ակցիաները, Գ.Մինասյանը նշեց, որ այդ ամենը կերևա միայն ժամանակի ընթացքում.
«Շատ դժվար է այսօր այդ մասին ասել: Կարծում եմ որոշ ժամանակ հետո միայն տեսանելի կլինի՝ ներկա իրավիճակը անդրադարձել է տնտեսության վրա, թե ոչ»: