03/07/2015 20:23
Երեխայի պաշտպանության մեխանիզմները չեն կարող լիարժեք լինել, եթե չկա խնամատարության լիարժեք համակարգ
Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգը նպատակ ունի տևական փոփոխություններ մտցնել երեխաների կյանքում: Այս նպատակին է միտված նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ այսօր հրավիրված աշխատաժողովը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանի կարծիքով՝ երեխայի պաշտպանության մեխանիզմները չեն կարող լիարժեք լինել, եթե չկա խնամատարության լիարժեք համակարգ.
«Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ մենք փակուղի ենք մտնում և չենք կարողանում ճիշտ որոշում կայացնել՝ հատկապես երեխայի խնամակալման հետկապված: Պատահում են քննարկումներ, թե օրենքի ո՞ր կետը ինչպես հասկանալ , կամ օրենքի որևէ կետ կարող է հարմարացնել իրեն: Այս առումով շատ կարևոր է իրազեկված պաշտոնյան՝ լիարժեք աշխատանք իրականցնելու համար», - մասնավորապես նշել է տիկին Գյունաշյանը:
Հանդիպման ընթացքում հոդված առ հոդված քննարկվել են փոփոխությունները: Մասնավորապես, քննարկման առարկա դարձավ երեխային որդեգրելու համար խնամատար ծնողների կարծիքի հաշվի առնելը: Այս առումով Գ. Գյունաշյանը կարևոր է համարել հոդվածի այս կետում նշել այն մասին, որ խնամատար ընտանիքներում գտնվող երեխային որդեգրելու համար խնամատար ծնողները կարող են կարծիք հայտնել:
Քննարկման մասնակիցները նաև անդրադարձել են հարազատներին խնամատար չդարձնելու խնդրին: Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանն այս առումով նշել է , որ պետք է հստակ տարանջատել խնամակալությունը խնամատարությունից:
Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր «Խոցելի խմբի երեխաների սոցիալական ներառում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։