03/07/2015 16:48
Յուկիա Ամանոն Հասան Ռոհանիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցեր
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները համաձայնագրի ստորագրման առաջին իսկ օրը պետք է չեղյալ հայտարարվեն: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին:
Իրանի փոխարտգործնախարարը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Բանակցություններ վարելու նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի Իրանի նկատմամբ սահմանված անարդար պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն, հնարավոր վերջնական համաձայնագրի ստորագրման առաջին իսկ օրվանից բոլոր տեսակի պատժամիջոցները պետք չեղյալ հայտարարվեն, մենք դեմ են դրանց առկախմանը»:
Նկատենք, որ հունիսի 30-ին Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս յոթ օրով:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր առավոտյան Թեհրան է մեկնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ ունեցած հանդիպման ժամանակ ԱԷՄԳ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կողմերի մոտ առկա անհանգստությունները երկուստեք ընկալելի են:
Ալի Շամխանին նշել է, որ միջուկային խնդիրը պետք է լուծվի արդար ճանապարհով և Իրանի՝ որպես Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ երկրի իրավունքները պետք է հարգվեն:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երեկոյան տեղի է ունեցել ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը, որի ընթացքում ի թիվ այլ հարցերի՝ քննարկվել է Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցեր: