03/07/2015 11:43
Լևոն Հայրապետյանը խնդրել է գործ հարուցել ընդդեմ քննիչի
Տնային կալանքի տակ գտնվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը, խնդրել է քրեական գործ հարուցել քննչական խմբի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսեյ Վեսելյովի դեմ:
«Հայրապետյանը քրեական գործին ծանոթանալու ընթացքում դիմում է գրել քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսաբդր Բաստրիկինին՝ քննչական խմբի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսեյ Վեսելյովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու խնդրանքով՝ համաձայն ՌԴ Քրեական օրենսգրքի 286 հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում»,- գրում է ТАСС-ը՝ մեջբերելով Հայրապետյանի շահերը ներկայացնող պաշտպան Ռուբեն Մարգարյանի խոսքերը:
Փաստաբանը տեղեկացրել է, որ գործի նյութերով պարզվել է, որ քննիչ Վեսելյովը 2014 թ. սեպտեմբերի 8-ին հրաման է տվել Հայրապետյանի փաստաբանների նկատմամբ օպերատիվ-որոնողական գործողությունների համալիր իրականացնել, մասնավորապես ճշտել նրանց տեղաշարժերի երթուղիները, տեղեկություններ հավաքել նրանց ունեցվածքի վերաբերյալ:
Մինչդեռ ՝ փաստաբանի խոսքով՝ ՌԴ Փաստաբանների և փաստաբանության մասին օրենքի համաձայն, փաստաբանների նկատմամբ նման միջոցառումներ կարող են կիրառվել բացառապես դատարանի որոշմամբ, իսկ նման որոշում այս դեպքում չկա:
«Այսպիսով՝ քննիչ Վեսելյովը, միանշանակ, գերազանցել է քննիչին վերապահված իրավունքները, մանավանդ, որ փաստաբաններն այդ գործով չեն անցնում ո՛չ որպես կասկածյալ և ո՛չ էլ որպես մեղադրյալ»,- ասել է Ռուբեն Մարգարյանը: