03/07/2015 14:43
Շարմազանովը՝ Հայրիկյանին. Ուրիշի սեղանին թամադայություն մի արա
Ուրիշի սեղանին թամադայություն մի արա, մանավանդ ուրիշի դրոշներով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, երբ Պարույր Հայրիկյանը ԵՄ դրոշով էր եկել, ինչը հարուցել էր ցուցարարների դժգոհությունը.
«Այդ սեղանի թամադան մեր քաղաքացիներն են և պետք չէ պատրաստի սեղանի դիրքը փոխել ու ասել՝ այսօրվանից սեղանի թամադան ես եմ: Մանավանդ, որ այդ սեղանը արդեն որոշակի հաջողության հասել է»:
Ըստ ՀՀԿ-ական գործչի՝ այդ պահանջի թամադան մեր քաղաքացիներն են, երիտասարդները ու հենց նրանք էլ կորոշեն, թե ինչ անեն.
«Կլինի դա իշխանությունից, թե ընդդիմությունից՝ պետք չէ խառնվել մեր հասարակության ակտիվ բողոքներին»,- ընդգծեց նա:
Հարցին, թե մինչև ե՞րբ Բաղրամյան պողոտան փակ կմնա քաաղքական մեծամասնության ներկայացուցիչը արձանագրեց՝ քանի դեռ ամեն ինչ խաղաղ է՝ մարդիկ կարող են շարունակել իրենց ցույցը.
«Իշխանություները հանդուժող են ու համբերատար, որ մենք հասկանում ենք ժողովրդի բողոքները»: