03/07/2015 17:41
Շարժումը նոր թափ է առել. Ակտիվիստ
Բաղրամյան պողոտայում ցուցարարների միջև ոչ թե պառակտում տեղի ունեցավ, այլ՝ պայքարը շարունակվեց երկու ճակատով: Ազատություն ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլսի ժամանակ ասաց Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցներից Վահագն Մինասյանը:
««Ոչ թալանին» նախաձեռնությունը ավելի շատ իրավական ուղղությամբ է տանում շարժումը, իսկ պայքարի այս երկու ձևերը փոխլրացնում են իրար: Քանի դեռ մեզ տրված հարցերը հնչում են՝ «դուք»-ով, ուրեմն երկրում դեռ երկար ամեն ինչ այսպես էլ կմնա: Շարժումը նոր թափ է առել, ավելի համակարգված է դառնում և հասնելու է նախապես նշված պահանջներին»,- ասաց նա:
Մեկ այլ բանախոս, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ պատասխանելով հարցին, թե ինչու պայքարի առաջին օրերին Բաղրամյանում չէր և սկսեց հետևել այն դեպքում, երբ մեծ թափ առավ շարժումը, ասաց, որ հենց առաջին օրերից ինքը եղել է «Ոչ թալանին» նախաձեռնության հետ:
«Կարևորը որ իներտ չեմ ու թեկուզ հեռվից մասնակցում էի, թեև սկզբից էլ մասնակցել եմ նախաձեռնության տարբեր միջոցառումներին, բայց նաև ամիսներ առաջվանից կար պլանավորված աշխատանքներ Եվրոպայում: Մասնակցում էի գլոբալ անվտանգության ֆորումին: Ցավով պետք է ասեմ, որ այդ բարձր հարթակում Հայաստանը ներկայացված չէր բարձր մակարդակով, քանի որ քննարկվում էր աշխարհում տեղի ունեցող կարևոր հարցերը»,- ասաց նա:
Իսկ թե ինչու Բաղրամյանում այլևս չեն հնչում կոչեր ու պահանջեր, Դավիթ Սանասարյանը զարմացավ ու մեկնաբանեց այս կերպ.
«Այստեղ աշխատում են ոչ թե ինստիտուտներ, այլ քաղաքացիներ: Նրանցից շատերը ցերեկը աշխատանքի են գնում, երեկոյան գալիս են այստեղ: Փորձում ենք իրավիճակ փոխել»,-ասաց նա:
Իսկ Վահագն Մինասյանը հավելեց, որ պետք չէ հարցնել, թե ինչու չի արվում այս կամ այն քայլը. «Պետք է գալ, կանգնել մեզ հետ, մեր կողքին: Հարթակն ազատ է և չի կարելի տանը նստել ու քննադատել: Դրանից հեշտ բան չկա: Խնդրում եմ եկեք, նստենք, խոսենք, քննարկենք, որովհետև այստեղ յուրաքանչյուր քաղաքացի համակարգող և կազմակերպող է»,- ասաց նա: