03/07/2015 12:19
Տարօրինա՞կ է արդյոք, երբ տնտեսությունն աճում է, իսկ առևտուրը՝ նվազում
Տնտեսական աճի պայմաններում անտրամաբանական է թվում ներքին առևտրի նվազումը։ Իրականում սակայն դրանում արտառոց ոչինչ չկա։ Պատճառը շատ պարզ է. Սպառողների եկամուտները, հետևաբար և ծախսերը կապված են ոչ միայն ներքին տնտեսության մեջ ձևավորվող արդյունքից, այլև դրսից ստացվող գումարներից։
Ինչպես հայտնի է, արձանագրվող տնտեսական աճի պայմաններում Հայաստանում միաժամանակ տեղի է ունենում ներքին առևտրաշրջանառության կրճատում։ Սա որոշ, այսպես ասած, տնտեսագետներ անտրամաբանական են համարում։ Ըստ այդմ, էլ որոշել են, որ հրապարակվող տնտեսական աճի ցուցանիշներն արժանահավատ չեն։ Նրանց կարծիքով, տնտեսական աճի պայմաններում ներքին առևտրաշրջանառության ծավալները չեն կարող կրճատվել։
Դժվար է ասել, միտումնավոր, թե չիմացությամբ նրանք խեղաթյուրում են պատկերը։ Ամեն դեպքում, վատ է թե՜ մեկը, և թե՜ մյուսը։
Իրականում միանգամայն հնարավոր է, երբ տնտեսությունն աճում է, իսկ ներքին առևտուրը կրճատվում։ Ընդ որում, նաև աշխատավարձերի բավական բարձր աճի պայմաններում, ինչը տեղի է ունենում Հայաստանում։
Նշենք, որ վիճակագրական ծառայությունը տարեսկզբի հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է միջին աշխատավարձի 11,6 տոկոս աճ։ Ընդ որում, դա ավելի բարձր է եղել պետական հատվածում, քան մասնավորում, ինչը վերջին տարիների համար նոր երևույթ է։ Այդ պայմաններում սակայն առևտրի ծավալները պակասել են 8,6 տոկոսով։
Առաջին հայացքից սա տարօրինակ է թվում։ Սակայն իրականում ամենևին էլ այդպես չէ։ Դրա համար պետք է դիտարկել հասարակության եկամուտների ձևավորման աղբյուրները։ Գաղտնիք չէ, որ հասարակության եկամուտների կառուցվածքում էական դեր են կատարում մասնավոր տրանսֆերտները, որոնք ինչպես հայտնի է, հիմնականում ունեն սպառողական նշանակություն։ Այսինքն՝ դրանք ուղղվում են առաջին հերթին հասարակության առօրյա խնդիրների լուծմանը։
Երբ 35-40 տոկոսով նվազում են արտաքին աղբյուրներից գոյացող եկամուտները, դա չի կարող չարտահայտվել ներքին սպառման և առևտրաշրջանառության ծավալների վրա։ Այդ պայմաններում առևտրաշրջանառության կրճատումը վկայում է, որ ներքին տնտեսության մեջ ձևավորվող եկամուտները և անգամ միջին աշխատավարձի ավելի քան 11 տոկոս աճը դեռևս բավարար չէ սպառումը գոներ նախորդ տարվա մակարդակին պահելու համար։
Սա անշուշտ լավ չէ, ինչը սակայն ուղղակիորեն կապված է արտաքին ֆինանսական փոխանցումների հետ։ Որքան էլ աշխատավարձը ներսում ավելանում է, այնուհանդերձ թույլ չի տալիս ամբողջությամբ ծածկել արտաքին հատվածից ստացվող եկամուտների բացը։ Թերւս դա էլ տնտեսական աճի պայմաններում դարձել է ներքին առևտրի ծավալների կրճատման գլխավոր պատճառը։ Սրանում արտառոց ոչինչ չկա։