04/07/2015 11:35
Սաակաշվիլին արդեն 20 աշխատակցի է հեռացրել
Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին աշխատանքից հեռացրել է 20 պաշտոնյաների, այսպես ասած՝ ոչ էֆեկտիվ աշխատանքի համար: Ինչպես փոխանցում է Lenta-ն՝ Սաակաշվիլին նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ լսել է ներքին աուդիտի բաժնի և իրավապահ մարմինների հետ աշխատանքի, կոռուպցիայի հայտնաբերման և կանխարգելման փոխգործակցության վարչության աշխատակիցների զեկույցները: Առաջին զեկույցում հաշվետվություն է ներկայացվել 3 ստուգումների մասին, որոնք անց են կացվել մեկ տարվա ընթացքում, իսկ երկրորդ զեկույցում՝ նրանք չեն կարողացել կոնկրետ փաստեր ներկայացնել բացահայտված կոռուպցիաների վերաբերյալ:
Բաժինների ղեկավարների հետ հանդիպումից հետո Սահակաշվիլին եզրակացրել է, որ վերջին մեկ տարում մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի արդյունք չի տվել: Նա նշել է, որ այս կապակցությամբ հաճախ է քաղաքացիներից բողոքներ լսել:
«Մարդիկ բողոքում են, որ տեղեկատվություն ստանալու համար նրանք ստիպված կրկնակի են վճարում: Ներդրողները բողոքում են, որ յուրաքանչյուր թույլտվության համար կորզում եք, իսկ ձեզ մոտ «չճշտված ու անորոշ խախտումներ են»: Ձեզ մոտ աղետալի ադմինիստրատիվ սպասարկում է իրականացվում»,- հայտարարել է նորընտիր նահանգապետը: