04/07/2015 15:29
Զարիֆ. ԱՄՆ-ն համաձայնության և պատժամիջոցների միջև պետք է ընտրություն կատարի
«Միացյալ Նահանգները համաձայնության և պատժամիջոցների միջև պետք է ընտրություն կատարեն»,-այդ մասին իրանական «Թաբնաք.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարը Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով վերջին օրերին միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես նշել է. «Բանակցությունների ընթացքում մենք զգալի առաջընթաց ենք ունեցել, սակայն մի շարք տեխնիկական հարցեր և տարբեր ձևակերպումներ կան, որոնց վերաբերյալ կողմերը պետք է քաղաքական որոշումներ կայացնեն»:
Իրանի ԱԳ նախարարը «Al-Monitor» պարբերականին տված հարցազրույցում լրագրողի այն հարցին, թե ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ հայտարարած կարմիր գիծն արդյո՞ք անհնար չի դարձնի համաձայնության կնքումը, արտգործնախարար Զարիֆն նշել է. «Հոգևոր առաջնորդի հայտարարությունն ընդգծում է Իրանի դիրքորոշումը, բանակցությունների առաջին իսկ օրվանից մենք առաջնորդվել ենք այդ դիրքորոշմամբ»:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին, նշում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրները սկսել է մշակել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին բանաձևը:
Նշենք, որ հունիսի 30-ին Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս յոթ օրով:
Հավելենք, որ ապրիլի 2-ին Իրանի և «5+1 խմբի»՝ Լոզանում արված համատեղ հայտարարության կետերից մեկի համաձայն՝ բանակցությունների այս փուլի ավարտից հետո կողմերը պետք է մշակեն համատեղ քայլերի ծրագրի նախագիծը, որը պետք է հավանության արժանանա ս.թ. հուլիսի 1-ին կայանալիք վճռորոշ հանդիպման ժամանակ: Համատեղ քայլերի ծրագրի տեքստը վերջանական տեսքի բերելուց հետո այն՝ որպես բանաձև, պետք է հաստատվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որից հետո չեղյալ կհայտարարվեն ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված նախկին բանաձևերը: