06/07/2015 13:58
Ափիկյան. Ունենք ռազմաօդային ուժեր, որոնք կարող են ցանկացած տրված առաջադրանք կատարել
Այսօր ունենք ռազմաօդային ուժեր, որոնք կարողանում են ցանկացած տրված առաջադրանք, խնդիր տարբեր ժամանակներում կատարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ուժերի անձնակազմի հրամանատար, անկախության տարիների առաջին օդաչու Արմեն Ափիկյանն` ավելացնելով` ռազմաօդային ուժերը ձևավորման, կայացման ճանապարհին բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել:
Օդաչուի խոսքով` այսօր այս ոլորտի գլխավոր բարդությունը տեխնիկայի պակասն է.
«Մեզ նորագույն տեխնիկա է պետք: Ինչ վերաբերում է որակյալ կադրերին, ապա դրա պակասը չկա, քանի որ Ավիացիոն ինստիտուտը պատրաստում է շատ լավ կադրեր, ովքեր հետագայում ծառայությունը շարունակում են զորամասերում»:
Ասուլիսի մյուս բանախոս, ռազմաօդային ուժերի մայոր Գոռ Ղազարյանն էլ նշեց` այնուամենայնիվ ինչ տեխնիկա էլ ունենք` լավ վիճակում է ու բավարար է հակառակորդին համարժեք պատասխան տալու համար:
«Մեր երկրի զինվորներն ենք, տարբերություն չկա, թե ով է մեզ հարվածողը, համարժեք պատասխան է ստանալու, եթե ոչ ավելի»,- ասաց մայորը: