06/07/2015 14:51
Լ. Շիրինյան. Եթե պայքարը քաղաքացիական սեկտորով գնա, արդյունավետություն չի ունենա
«Այսօր ունենք արտագաղթող Հայաստան, բայց պետք է դառնա ներգաղթող Հայաստան հայրենիք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` նշելով, որ պետք է փոխել տնտեսական ու քաղաքական կուրսը:
Ըստ Շիրինյանի, եթե երկրի տնտեսական, քաղաքական, հոգևոր, մշակութային ոլորտներում ստրատեգիան չի փոխվում, ապա մենք դատապարտված կլինենք ցույցերի, գործադուլների:
Քաղաքագետը, խոսելով էներգետիկ խնդիրների մասին, նշեց, որ էներգետիկայի նախարարությունը փոխանակ տնտեսության համար լոկոմոտիվի դեր խաղա, դարձել է մի տանիք, որի տակ այս կամ այն կերպ կողոպուտ է կազմակերպվում: Քաղաքագետի կարծիքով` հենց այդ տանիքի տակ է գործում նաև ՀԷՑ-ը, որտեղ մարդիկ անհասկանալի միջոցներով ունենում են բարձր եկամուտներ:
Խոսելով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Լ. Շիրինյանը կարծիք հայտնեց, որ եթե հարցը չքաղաքականացվի, ապա պայքարը վերածվելու է հոգնեցնող, մաշվող մի երևույթի, ու եթե ներկա պայքարը քաղաքացիական սեկտորով գնա, արդյունավետություն չի ունենա:
Քաղաքագետի համոզմամբ պետք չեն կաշառված լիդերներ, առաջնորդներ, «օտարի կյանքով հմայված լիդերներ, այլ պետք են հավաքական լիդերներ»:
«Իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի պայքարը ձգձգեն, ու մաշեցնեն, բայց չեն կարողանա, քանի որ այս պայքարը Հայաստանի քաղաքացիների 80 տոկոսի կյանքի հարցն է»,- ասաց նա: