06/07/2015 11:46
Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ Հունաստանի ֆինանսների նախարարի հրաժարականը հաջորդել է կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքների հրապարակմանը:
Հիշեցնենք, որ Հունաստանում դեֆոլտ է հայտարարվել, որի հետ կապված կիրակի հույն ժողովուրդը վճռականորեն և «քաջաբար» «ոչ» է ասել խիստ տնտեսման ծրագրին։
Հանրաքվեի ընթացքում քաղաքացիները պետք է պատասխանեին «ոչ» կամ «այո» հարցին, թե արդյոք հարկավոր է ընդունել հունիսի 25-ին Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած համաձայնագրին:
Վերջին տվյալներով՝ հույների ավելի քան 61 տոկոսը պատասխանել է «ոչ»:
«Հանրաքվեի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ինձ հայտնի դարձավ, որ Եվրախմբի մասնակիցները և մյուս գործընկերները կարծում են, որ բանակցություններին իմ բացակայությունը կօգներ համաձայնության հասնել: Այդ իսկ պատճառով ես հեռանում եմ Ֆինանսների նախարարությունից: Իմ պարտքն է օգնել ինչով կարող եմ վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ օգտագործել կապիտալը, որը մեզ տվեց հույն ժողովուրդը հանրաքվեին»,- ասված է նախարարի կողմից տարածված հայտարարության մեջ: