06/07/2015 11:23
«Ալյանս». Պատգամավորների հետ բանակցություններ չեն վարվում
Լրատվամիջոցներում տարածված որոշ լուրերին ի պատասխան «Ալյանս» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ քննարկման առարկա դարձած «Ալյանս»-ի վարչության նիստին քննարկվել են այլ հարցեր, ստեղծվել է գործադիր մարմին և կայացել է www.alyans.am պաշտոնական կայքի շնորհանդեսը: Այլ խոսակցությունները սուտ են և հնարովի:
Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանի, Վահե Էնֆիաջյանի և Էլինար Վարդանյանի «Ալյանս»-ին իբր ապագայում անդամակցելու մասին հնարովի թեմային՝ դա ուղղակիորեն մեր միջև եղած առողջ և ժողովրդանպաստ խորհրդարանական համագործակցությանը խանգարելու համար լրատվական դաշտ նետված կեղտոտ ապատեղեկատվական փորձ է: Թե՛ պարոն Գրիգորյանը, թե՛ պարոն Էնֆիաջյանը և թե՛ տիկին Վարդանյանը արժանավոր մարդիկ ու հարգված գործիչներ են, բայց իրենց հետ նման բանակցություններ երբևէ չեն եղել:
Իսկ կեղտոտ խաղերով զբաղվող այդ «տրյուկի» հեղինակին հուշում ենք՝ ժողովրդական խոսք կա. «Գողինն ու բանինը քառասուն օր է», հատկապես ժամանակակից էլեկտրոնային աշխարհում այդ ժամկետը էլ ավելի կարճ է: Սպասենք բացահայտվելուն ու հետևանքներին»: