06/07/2015 11:12
Սուրիկ Խաչատրյանի գործով կալանավորվել է Արա Բուդաղյանը. «Որոշման հիմքում զրո է»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 5-ին կալանքի որոշում է կայացրել Արա Բուդաղյանի նկատմամբ, ով մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի մեջ։ Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Գագիկ Պողոսյանը։
Ա. Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր պատրաստվում են Վերաքննիչ բողոք ներկայացնել:
Հարցին՝ ի՞նչ հիմքով են կալանավորելու որոշում կայացրել, Հ. Ալումյանը պատասխանեց. «Զրո, որևէ հիմք չկա, դա բացարձակ ապօրինություն է, իսկ այն զենքը, որ գտել են Բուդաղյանների տանը, այդ մասով անգամ մեղադրանք չկա, որովհետև դա օրինական զենք է և մահափորձի հետ որևէ կապ չունի»:
Ալումյանն ասաց, որ հումորով է վերաբերվում դատախազին բողոք ներկայացնելու ընթացակարգին՝ Արա Բուդաղյանին հանդիպելու արգելքի հետ կապված:
Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, 03.07. 2015թ. ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը: