06/07/2015 17:47
Այսուհետ Երևանից գնացքով կարելի է հասնել ուղիղ մինչև Բաթումի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաթումի քաղաքում նոր երկաթուղային կայարան է բացել: Այսուհետ Բաթումի մեկնող ուղևորները գնացքով կարող են հասնել տեղ՝ առանց հավելյալ տրանսպորտային միջոցի: Նախկինում գնացքները, այդ թվում և Հայաստանից՝ կայանում էին Բաթումի քաղաքի արվարձանում՝ Մախինջաուրիում, իսկ այնտեղից ուղևորները քաղաք էին հասնում այլ տրանսպորտով:
«Երկաթուղին վերադառնում է Բաթում։ Դա շատ կարևոր է այցելուների, հանգստացողների և բնակիչների համար։ Այս շինության բացումից հետո հանգստացողներն հնարավորություն կունենան ժամանել անմիջապես Բաթում։ Կարևորը՝ գինը կմնա նույնը, ոչինչ չի փոխվի։ Սա կարևոր ներդրում է Բաթումի և Աջարիայի համար»,- վարչապետի խոսքերն է մեջբերում վրացական apsny.ge-ն։
Ղարիբաշվիլին նշել է, որ Բաթումում զարգացումը կշարունակվի, և կառավարությունն ու մասնավոր հատվածը կիրականացնեն շատ կարևոր համատեղ նախագծեր։
Նշենք, որ նոր կայարանի բացմանը ներկա է գտնվել նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ պատվիրակությունը: Ընկերության մամլո քարտուղարությունից Aysor.am-ին հայտնեցին, որ Հայաստանից ևս ուղևորները կարող են ուղիղ մեկնել նոր կայարան: «Հայաստանից ուղիղ Բաթումի միշտ էլ գնացնքներ մեկնել են, որոնք միշտ կայանել են Մախինջաուրիում: Բայց առաջիկայում նախատեսվում է, որ նոր կայարանում կկայանի Հայաստանից մեկնող միայն 10-12 գնացք, մինչև ավարտվեն կայարանի շինարարական բոլոր աշխատանքները»,- փոխանցեցին մեզ՝ հավելելով, որ վրացական կողմը միտված է մեծացնել կայարանը, որից հետո Հայաստանից մեկնող բոլոր 15 գնացքները կկարողանան կայանել նոր կայարանում:
Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա մեզ հայտնեցին, որ այս ուղղությամբ փոփոխություններ տեղի չեն ունեցել: «Սեզոնին հանգստացողները կարող են մեկնել այն գներով, ինչ նախկինում: Այսինքն՝ տոմսերի արժեքները չեն փոփոխվել»,- նշեց կայարանի աշխատակիցը: