06/07/2015 15:00
Երգահան. Սթափվելու կոչերը բարիկադներից այն կողմ են պետք` սթափվե՛ք, ժողովուրդն էլ ուժ չունի
Սթափվելու կոչերը պետք է բարիկադներից այս կողմից հնչեն՝ պարոնա՛յք, սթափվե՛ք, ժողովուրդն էլ ուժ չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջին օրերին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին ու ոստիկանապետի հայտնի կոչերին, ասաց երգահան Եղիշե Պետրոսյանը: Նա և ասուլիսի մյուս բանախոս մտավորականներն ընդգծեցին` այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում. ազգային զարթոնք է:
«Այս իրադարձությունները ես նմանեցնում եմ 1988-ին տեղի ունեցող իրադարձություններին:Երիտասարդներն ըմբոստ առյուծներ են ինձ հիշեցնում: Ընդդիմություն գոյություն չունի, ավագ սերունդը ձեռքերը լվացել է և ամեն ինչ մնացել է էս երեխաների ձեռքին, ես նրանց ցավը տանեմ: Վաղվա մեր ապագան են»,- ասաց ասուլիսի մասնակից Գուսան Հայկազունը:
Անդրադառնալով ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու խոստումներին` մտավորականները դրանք առնվազն անտրամաբանական համարեցին:
«Ի՞նչ է նշանակում հոսանքի թանկացման հարցում աուդիտ անել: Եթե մեր ղեկավարն ամեն ինչից տեղյակ չէ ու աուդիտ է հայտարարում, ուրեմն դա լավ բան չէ»,- ասաց նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:
Նա նաև անդրադարձավ հունիսի 23-ին ոստիկանության գործողություններին` նշելով, որ ոստիկանությունը պիտի գիտակցի` իրենք էլ հայկական ծագում ունեն:
«Բոլոր հրամանները չէ, որ պետք է կատարել»,- ամփոփեց նկարիչը: