06/07/2015 14:22
Մանկական հաղորդումների խիստ պակաս ունենք. Տեսաբան
Hայաստանյան լրատվամիջոցները լավ չեն աշխատում մանուկների համար: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում tեսաբան Կարինե Տիտանյանը հայտարարեց, որ հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներում քիչ են մանկական հաղորդաշարերը, իսկ ցուցադրվող ֆիլմերն ու մուլտֆիլմերը բացասաբար են անդրադառնում ինչպես երեխայի հոգեբանության, այնպես էլ՝ դաստիարակության վրա:
«Այսօր մենք մանկական հաղորդումների խիստ պակաս ունենք, երեխաները միայն մուլտֆիլմերով չէ, որ պետք է զարգանան։ Երեխան հազար ու մի հետաքրքրություն ունի, ու դա պետք է բավարարեն հենց հաղորդումների միջոցով»,- ասաց նա։
Ըստ նրա՝ այս խնդիրը համապետական է, և լավագույն մասնագեներն ու հոգեբանները պետք է վաղուց համախմբվեին ու այս մասին բարձրաձայնեին: «Երեխաները չպետք է դիտեն արտասահմանյան սարսափազդու մուլտֆիլմեր»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր երեխաների վարքագիծը փոխվել է. «Ես ուզում եմ, որ երեխաները այդ մուլտֆիլմերն ու հաղորդումները նայելուց հետո ավելի բարի լինեն, ավելի հանգիստ խոսեն, բայց այն սարսափելի ձայները, որ կան այդ մուլտֆիլմերում, ահավոր են»։
Հոգեբան Աննա Բադաlյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ երեխաների հոգեբանության վրա ուժեղ ներգործություն են ունենում նաև համակարգչային խաղերը: Ըստ նրա՝ համակարգիչը նույնպես լրատվամիջոց է, որի մետ այսօր երեխաներն իրենց օրվա մեծ մասն են անցկացնում:
«Երեխայի մոտ պետք է ձևավորվի համակարգչի հետ շփվելու նոր մշակույթ: Համակարգիչը պետք է ոչ թե անփոխարինելի զբաղմունք լինի, այլ` հետաքրքրություններից, զբաղմունքերից մեկը՝ ծնողների վերահսկողության տակ»,- ասաց նա:
Հոգեբանի խոսքով՝ համակարգչային խաղերը երեխաների համար վարժանքներ են, զարգացնում են մտածողությունը, երևակայությունը, բայց դրանք պետք է լինեն չափավոր, ծնողների վերահսկողության տակ:
Ինչ վերաբերում է մուլտֆիլներին ու ֆիլմերին, ապա հոգեբանն ընդգծեց, որ «Ռենջերներ» մուլտֆիլմը երեխաների մեջ առաջացնում է ագրեսիվություն. «Գույները շատ են, կռիվներն ու բախումները՝ անդադար»։