06/07/2015 20:32
Տնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական կապերը մեծ հեռանկարներ ունեն
Չնայած հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունն ընդլայնվում է, այնուհանդերձ այն զարգացման լայն հեռանկարներ ունի։ Այս մասին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Անշուշտ, ի տարբերություն քաղաքականի, որը գտնվում է առանձնահատուկ մակարդակի վրա, տնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերությունները դեռևս զարգանալու լուրջ տեղ ունեն։ Թերևս այս հարթության մեջ էլ պետք է դիտարկել Հ.Աբրահամյանի այցը։ Որպես այդպիսին, սա վարչապետի մակարդակով առաջին այցն է Ֆրանսիա՝ վերջին 8 տարիների ընթացքում։
Ո՞րն է եղել պատճառը, որ 2007թ. հետո նման այցելություններ չեն իրականացվել, դժվար է ասել։ Ամեն դեպքում, դա չէր կարող այս կամ այն ձևով չազդել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքի վրա։
Այս առումով պետք է ենթադրել, որ Հ.Աբրահամյանի այցը նոր խթան կհաղորդի այդ հարաբերություններին։ Հատկապես որ, երկու երկրների վարչապետներն էլ հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտություն են տեսնում։
Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը համարում է, որ համագործակցության հետագա զարգացումը կարող է լինել գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, միգրացիայի և մի շարք այլ ոլորտներում։ Տնտեսական կապերի ընդլայնան գործում կարևորվում են փոխադարձ շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը։ Մի բան, ինչը թույլ է տալիս մոտիկից ծանոթանալ այն հնարավորություններին, որոնք կարող են խթան հանդիսանալ կապերի հետագա ընդլյանման համար։ Այդպիսի հեռանկարներ, հատկապես Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների առումով, կարծես առկա են։
Հայ-ֆրանսիական առևտրային հարաբերությունները ներկայումս մոտենում են 90 մլն դոլարի սահմաններին։ Արտահանման-ներմուծման հարաբերությամբ առաջնայնությունն անշուշտ պատկանում է ֆրանսիական կողմից։ Այս երկից Հայաստան ներմուծվող ապրանքների տեսականին բավական ընդգրկուն է։ Դրանց մեջ առավել մեծ տեսակարար կշիռ ունեն շինարարական տարբեր կոնստրուկցիաները, դեղամիջոցները, օծանելիքը, տրանսպորտային միջոցները, բնական հյութերը և այլն։
Հայկական ապրանքներից ֆրանսիական շուկայում առավել ներկայացված են թեթև արդյունաբերության ապրանքները։ Խոսքը մասնավորապես տղամարդու և կանանց տարբեր տեսակի հագուստների, բնական և արհեստական կաշվից պատրաստված իրերի մասին է։
Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները սակայն չեն սահմանափակվում միայն զուտ առևտրային կապերով։ Ֆրանսիան հանդիսում է Ռուսաստանից հետո Հայաստանում ներդրումներ իրականացրած երկրորդ խոշոր գործընկերը։ Ֆրանսիական ընդհանուր ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ գնահատվում են շուրջ 1 մլրդ դոլարի սահմաններում։ Սպասվում է, որ վարչապետի այս այցը և ունեցած բարձր մակարդակի հանդիպումները նոր խթան կհաղորդեն երկու երկրների ինչպես ներդրումային, այնպես էլ առևտրային հարաբերություններին։