06/07/2015 20:21
Ազատության հրապարակից թույլ չենք տալու երթ. Վ. Օսիպյան
«Պետք է դիմեն լիազոր մարմնին և ստանան համապատասխան թույլտվություն»,- ասաց նա՝ հավելելով՝ ոչ մի անօրինական գործողություն ոստիկանության կողմից չի հանդուրժվելու:
Դիտարկմանը, թե կրկին ոստիկանությունը բռնությո՞ւն է կիրառելու ցուցարարների նկատմամբ, Օսիպյանը հավելեց. «Գոնե այսօր դա չպետք է ասեիք, որովհետև այսօր ոստիկանությունը բռնություն չի կիրառել»,- ասաց նա՝ շարունակելով, թե ոստիկանությունն այսօր դրսևորել է գերազանց պահվածք, և նրա գործողությունները եղել են ադեկվատ ու համաչափ: «Մեր պահվածքն այլ երկրների ոստիկաններին կարող է անգամ օրինակ ծառայել: Դա բռնություն չէր: Չեմ բացառում, որ վնասվածքներ լինեն»,- նշեց փոխոստիկանապետը՝ ընդգծելով, որ քերծվաքները, որոնք նկատվել են հավաքի մասնակցիների մոտ, բռնություն չեն համարվում:
«Դա մանկական խաղ է: Ոստիկանները նույնպես ստացել են վնասվածքներ, նրանց վրա նույնպես առկա են կապտուկներ, բայց դա բռնություն չենք համարում: Ոստիկանները շատ պրոֆեսիոնալ են գործում»,- ասաց նա՝ հավելելով, որ թեև այս հավաքներն անօրինական են համարվում, բայց քաղաքացիներից ոստիկանները նույնպես չեն դժգոհում. քաղաքացիները նույնպես լավ պահվածք են դրսևորում: «Երթը թույլ չենք տալու, իսկ անօրինական գործողությունների դեպքում համապատասխան քայլեր կիրականացնենք: Մենք դեմ չենք այս հավաքներին, բայց հավատարիմ ենք այն գաղափարին, որով կոչ ենք անում զերծ մնալ անօրինական քայլերից ու սադրիչ գործողություններից: Այն սադրանքները, որոնք հնչում են այստեղ ուղղորդդվում են մարդկանց կողմից, ովքեր ուզում են ամեն ինչ փչացնել: Այստեղ չկա պարտված կամ հաղթող, սա բոլորիս հաղթանակն է և հաղթել է ՀՀ հասարակությունը: Սա մեծ ձեռքբերում էր»,- նշեց նա:
Այնուհետև Վ.Օսիպյանը դիմելով Ազատության հրապարակում ցուցարաներին կոչ արեց, որպեսզի անօրինական երթ չնախաձեռնեն, սակայն նրանք սուլոցներով ու բղավոցներով հայտարարեցին, որ չեն ուզում լսել: Նրանք մեջքով կանգնեցին դեպի փոխոստիկանապետը ու սկսեցին աղաղակել: «Մենք են տերը մեր երկրի»...
Նշենք, որ այսօր Բաղրամյան պողոտայից ցուցարաները տեղափոխվել են Ազատության հրապարակ, որն այս պահին ավելի մարդաշատ է, քան Բաղրամյան պողոտան՝ առավոտյան:
Այստեղ են նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները: