06/07/2015 15:44
ԲՀԿ-ից իմ հեռանալու մասին լուրերը զավեշտի ժանրից են. Վ. Էնֆիաջյան
Մամուլում հայտնված տեղեկատվությունը, թե պատրաստվում եմ լքել ԲՀԿ-ն, զավեշտի ժանրից է և իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Մամուլում հայտնված տեղեկատվությունը, թե պատրաստվում եմ լքել ԲՀԿ-ն, զավեշտի ժանրից է և իրականության հետ որևէ առնչություն չունի, քանի որ ԲՀԿ-ի ծրագրային դրույթներն ու կանոնադրությունն ինձ հոգեհարազատ են և համապատասխանում են երկրի զարգացման վերաբերյալ իմ պատկերացումներին:
Ինքս կանգնած եմ եղել ԲՀԿ-ի ակունքներում կուսակցության ձևավորման առաջին օրերից: Քաղաքական ուղիս, քաղաքականությունում արձանագրված և՛ ձեռքբերումները և՛ հաղթահարված դժվարություներն անմիջականորեն կապված են ԲՀԿ-ի հետ:
Ես թիմային մտածելակերպով առաջնորդվող մարդ եմ և հավատարիմ եմ իմ սկզբունքներին և հայացքներին, ուստի ԲՀԿ-ն լքելու ցանկություն և մտադրություն չունեմ:
Իսկ բոլոր այն անձինք և կառույցները, որոնք փորձում են ինքնակայանալ ԲՀԿ-ի բարի համբավի և անվան հաշվին, հորդորում եմ այսուհետ ձեռնպահ մնալ նման կեղտոտ գործելաոճից»,- մասնավորապես ասված է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ, այդ թվում և Վ.Էնֆիաջյանը, պատրաստվում են անդամակցել «Ալյանս» կուսակցությանը: Վերջինիս ղեկավարն է, հիշեցնենք, նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: