06/07/2015 13:23
Տնտեսական համաժողովը կասկածներ ցրեց
Հայաստանի տնտեսական կացության ներկա վիճակի մասին խոսելու և նոր առաջարկներ ու զարգացման մոդելներ քննարկելու նպատակ ուներ «Տնտեսական օրակարգ» համաժողովը: Ի՞նչ գործնական նշանակություն կունենա այն, ապագայում կերևա: Իշխանությունների և մասնավորապես կառավարության նպատակն էր այս համաժողովի միջոցով հնարավորություն ստեղծել հավաքական ջանքերով, երկխոսության միջոցով լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են երկրի տնտեսական զարգացման առջև:
Երկխոսության գաղափարը համաժողովում առանցքային էր: և վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ելույթում ընդգծեց այդ հանգամանքը, ասելով, որ չկա հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է: Դատելով նրանից, որ համաժողովին մասնակցում էին և ելույթներ ունեցան թե կառավարության տնտեսական բլոկի նախարարները, թե ԵՏՄ-ում մեր ներկայացուցիչները, թե իշխանական և ընդդիմադիր դաշտի պատգամավորները և տնտեսագետները, կարելի է փաստել, որ երկխոսություն հաստատելու առումով համաժողովը հաջողվեց: Խոսելով համաժողովի բովանդակության մասին, հարկ է առանձնացնել այն հանգամանքը, որ սա առաջին քիչ թե շատ լուրջ փորձն էր թե մեր հանրությանը, թե միջազգային ֆինանսական կառույցներին ներկայացնելու, որ Հայաստանի տնտեսությունը ոչ անկման մեջ է, ոչ էլ նման միտումներ կարող է ունենալ:
Շեշտվեց, որ, երկիրն, այդուհանդերձ, թեկուզ ոչ մեծ` 2-2,5 տոկոսի միջակայքում գտնվող տնտեսական աճ է արձանագրում, իսկ անցյալ տարի այդ աճը կազմել էր 3,5 տոկոս: Տնտեսական բլոկի գրեթե բոլոր նախարարների ելույթներում շեշտվում էր Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորությունների, դժվարությունների և հեռանկարների մասին: Այդուհանդերձ, այստեղ դրական տեղաշարժեր են գրանցվում, ինչի մասին հայտնեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Նախորդ տարի Ռուսաստանում գների անկայունության հետևանքով որոշակի խնդիրներ առաջացան և դրանից հետո առևտրի ծավալները նվազեցին, սակայն արդեն կայունացում կա և այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տալիս, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման առումով աճ ունենք», տեղեկացրեց նա:
Փոխվարչապետը անդրադարձավ նաև ներդրումների ծավալների նվազման հարցին, ասելով, որ դա պայմանավորված է անորոշությունների հետ: Միաժամանակ նա նշեց, որ կան առաջարկներ` կապված Հայաստանի ԵՏՄ երկիր լինելու, ԵՄ հետ արտոնյալ առևտրային ռեժիմներ ունենալու հետ: Այս պահին իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը թվարկեց էկոնոմկիայի նախարար Կարեն ճշմարիտյանը, նշելով, որ դրանք արդեն իսկ ազդեցություն են թողել տնտեսական աճի և մասնավորապես` արդյունաբերության և գյուղատնտեսության ծավալների ավելացման վրա:
Դրանք են` 1.Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումը ժամանակակից պահանջներով կառուցված լեռնահարստացուցիչ կոմբինատում, որի առաջին փուլում ներդրվել է 350 միլիոն դոլար, ինչի արդյունքում տարեկան կարտադրվի շուրջ 190 մլն դոլար արժողությամբ պղնձի և մոլիբդենի խտանյութեր: 2. Լիդիան ընկերության կողմից Ամուլսարի ոսկու և արծաթի նոր հանքավայրի շահագործման 400-450 մլն դոլար ներդրումային նախագիծը: 3. Որոտան ՀԷԿ-ում ամերիկյան ընկերության 180 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրը: 4. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նորտեխնոլոգիական արտադրամասի շահագործումը, որի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս զգալի մեծացնել մետաղի կորզումը հանքաքարից: «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ծավալը Սոթքի հանքավայրի և Արարատի գործարանի արդիականացման համար կազմում է ավելի քան 140 մլն դոլար: 5. Ջերմոցային տնտեսությունների զարգացման դինամիկան: Միայն 2014թ. ընթացքում պետության աջակցությունը ստացած 6 տնտեսվարողների կողմից հիմնվում են շուրջ 70 հա ջերմոցային տնտեսություններ` ավելի քան 30 մլրդ դրամի ներդրումների ներուժով:
Բնական է, որ այս ծրագրերը իրենց դրական ազդեցությունը կունենան տնտեսական աճի վրա: Սա վկայությունն է որ թեկուզ արտաքին բացասական ազդեցության առկայությամբ, հնարավոր է նպատակաուղղված քայլեր անելով, տնտեսության մեջ դրական տեղաշարժ ապահովել: Մնում է այդ ծրագրերը շարունակական լինեն և ավելանան: Նման համաժողովներն էլ պետք է գործնական արդյունք ունենան, դրանցում հնչած առարկայական և խելամիտ առաջարկներն էլ ներգրավվեն իշխանությունների տնտեսական քաղաքականության օրակարգում: