06/07/2015 16:09
Փոխնախարար. Պրոբացիոն ծառայությամբ էականորեն փորձելու ենք փոխել վերաբերմունքը դատապարտված անձանց նկատմամբ
Մենք էականորեն փորձելու ենք փոխել վերաբերմունքը դատապարտված անձանց նկատմամբ, դա չի նշանակում, որ ներկայումս վատ ենք վերաբերվում դատապարտված անձանց, բայց մենք գնահատել ենք համակագը և հասկացել, որ դատապարտյալների վերասոցիալականցման, ինտեգրման հարցերում պետք է նոր հմտություններ օգտագործենք: Այս մասին այսօր Պրոբացիոն ծառայության վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակի ներկայացման ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Մենք ինտենտսիվ կերպով փորձում ենք նախապայմաններ ստեղծել պրոբացիայի ներդրման համար: Համագործակցում ենք մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ»,-ասաց նա:
Անդրադառնալով ռիսկերին և մտահոգություններին՝ նա ասաց.
«Վերջերս բավականին թեժ քննարկումներ են ընթանում ծառայության անհրաժեշտության, գործարկման հետ կապված ռիսկերի, այդ թվում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ: Արդարադատության նախարարությունը ևս այս հարցում մտահոգված է, և փորձում ենք լայն շրջանակի գործընկերների հետ քննարկել ցանկացած դետալ և մաս»:
Նրա խոսքով՝ կադրերի խնդիրը ևս կարևոր է, հատկապես պրոբացիոն ծառայության ոլորտում:
«Ցանկացած ծառայության կայացման և գործարկման համար կարևոր են համապատասխան գիտելիքներ և կրթություն ունեցող կադրերի պատրաստումը և այդ խնդիրը առավել կարևոր է պրոբացիայի ոլորտում: Մենք ունենք բավականին կայացած և արդյունավետ աշխատող այլընտրանքային պատիժների համակարգ, բայց նոր մոտեցումներ ենք ներդնում, որ պահանջում են թե առկա ծառայողների փորձը, թե նոր մոտեցումներ և գիտելիքներ, որ ակնկալում ենք ներդնել այդ դասընթացների ընթացքում: Ակնալում ենք, որ ծառայությունում կներգրավենք նորավարտ կադրերի, ոչ թե գիտելիքների, որոնք դասընթացների ժամանակ կստանան, այլ հոգեբանական շփման փորձ ձեռք կբերեն, քանի որ աշխատելու ենք դատապարտյալների հետ»,-ասաց նա:
ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հայկ Խեմչյանի խոսքով` այժմ ՀՀ արդարադատության նախարարությունը արդեն իրականացնում է էլեկտրոնային մոնթիթորինգի փաստաթղթային գործընթացը, այսինքն, թե որ կազմակերպությունը կհամաձայնվի տրամադրել սարքավորումները մոնիթորինգ իրականացնելու համար:
«Արդարադատության նախարարությունը արդեն ավարտել է օրենքի նախագծի նախնական տարբերակը, որը մինչև հասարակության դատին ներկայացնելը, նախարարության ցանկությամբ, կենթարկվի ԵԽ փորձաքննությանը, և հուսով ենք, որ տարվա վերջում կունենաք ընդունված օրենքը: Աշխատում ենք վերականգնողական և ռիսկերի գնահատման գործքիների հետ, որոնք բոլորը պետք է գործնականում կիրառենք»,-ասաց նա:
Նա նշեց, որ այժմ ոլորտում ներգրավված կողմերի հետ վերապատրաստման դասընթացներ են իրականացվում, իսկ Ստրասբուրգի մասնագետների հետ քննարկվում է նաև իրավական ոլորտի մասնագետների համար համապատասխան ձեռնարկի ստեղծման հարցը: